Դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելը հեռանկար չունեցող գործընթաց է. Փաստաբանն առաջարկում է գնալ այլ ճանապարհով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելը հեռանկար չունեցող գործընթաց է. Փաստաբանն առաջարկում է գնալ այլ ճանապարհով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 31-05-2019 18:17:19   | Հայաստան  |  Իրավունք



 
Դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելը հեռանկար չունեցող գործընթաց է: 
 
Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Փաստաբանների պալատի փաստաբան Հակոբ Ճարոյանը: 
 
Ըստ նրա՝ վեթինգի գործընթացը ոչ միայն ժամանակատար է, այլև ծախսատար, և առաջացնում է բազմաթիվ հարցեր: 
«Դատավորների վեթինգի հետ կապված իմ որոշակի հետաազոտությունների արդյունքում պարզել եմ, որ մենք այս պահին ունենք գործող 216 դատավոր. եթե պայմանականորեն ընդունենք, որ ստեղծվում է 10-11 անդամով հանձնաժողով, որը պետք է իրականցնի վեթինգ, թե կրթական տեսակետից, թե ունեցած գույքի հետ կապված, ապա հարց է առաջանալու, որքանով են այդ քննողները կոմպետենտ։ Ժամանակի առումով, յուրաքանչյուր անձ պետք է քննի 20 դատավորի վերաբերյալ ինֆորմացիա»,- նկատեց Հ. Ճարոյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ քննիչ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ նախ պետք է ստուգի բաժին հասնող 20 դատավորներից յուրաքանչյուրի մասնագիտական որակները, այսինքն՝ արդյոք նրանց կրթությունը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, արդյոք դատավորների ստացած դիպլոմը կեղծ է, թե ոչ, արդյոք նրանք դատավոր նշանակվել են կոռուպցիայի, թե հովանավորչության արդյունքում, հետո պետք է հանձնաժողովի անդամը ստուգի դատավորների կայացրած դատական ակտերի հիմնավոր լինել-չլինելու հարցը, ապա նոր միայն ստուգի դատավորի տիրապետած գույքի օրինականությունը: 
 
Դատական համակարգում կոռուպցիան վերացնելու և կոռումպացված դատավորներից ազատվելու համար փաստաբանն իշխանություններին առաջարկում է գնալ ավելի արագ և արդյունավետ ճանապարհով, այն է՝օգտվելով այս պահին գործող քրեական օրենսգրքի ընձեռած հնարավորությունից, ԱԱԾ-ում և ՀՔԾ-ում ստեղծել քննչական խումբ, որը կզբաղվի այն դատավորներով, որոնց նկատմամբ տրված կլինեն հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ հաղորդումներ: 
 
Հ. Ճարոյանի համոզմամբ՝ նշյալ ճանապարհով գնալու դեպքում և՛ դատավորների դեմ հաղորդում տվողները, և՛ դատավորները կգործեն ավելի օրինական՝ հաշվի առնելով հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը: 
2014 թվականին Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանի պնդմամբ՝ վեթինգ պետք է իրականացնել նաև դատախազությունում: 
 
Նրա վստահեցմամբ՝ դատախազությունում ոչինչ չի փոխվել, արտավոր գործելաոճը շարունակվում է, հետևաբար վեթինգի պետք է ենթարկել նաև Գլխավոր դատախազին և մարզային դատախազներին: 
 
«Դուք գիտեք, որ ես մի շարք պաշտոնատար անձանց, մասնավորապես Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ներկայիս Արթուր Դավթյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ եմ տվել վերջիններիս կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմնավորմամբ: Քանի որ հիշյալ հաղորդումների մասով որոշումներ է կայացվել դատախազության կողմից, որ տվյալ անձանց արարքներում հանցակազմ չկա, ես օրենքով սահմանված ընթացակարգերով դրանք բողոքարկել եմ դատարաններում»,- մանրամասնեց Ռ. Ադանալյանը՝ հավելելով, որ իր կողմից ներկայացված բողոքներից հինգը բավարարվել են, իսկ բավարարված որոշումներից մեկը հետ է գնացել Մալաթիայի դատախազություն՝ գործը փակուղի մտցնելով: 
 
«Այսինքն՝ այս մարդիկ իրենցը անում են, չեն ուզում լրջանալ: Հասկանալի է, որ որդուս սպանության գործն ամբողջ ծավալով դատախազության ձեռքի աշխատանքն է և առանց իրենց ներքաշվածության՝ այս պատմությունը չէր կարող առաջանալ մի քննիչի ձեռքով կամ ինչ-որ մեկի ցանկությամբ»,- ընդգծեց որդեկորույս մայրը: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play