Ստեփանակերտում նշվել է հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը (լուսանկարներ)


Ստեփանակերտում նշվել է հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը (լուսանկարներ)

  • 29-06-2019 12:49:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ այսօր՝ հունիսի 29-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում կազմակերպվել է հիշատակի միջոցառում:
 
 «Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝  ԱՀ  նախագահ  Բակո Սահակյանը, Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, պետական  այրեր, անհայտ կորած ազատամարտիկների  հարազատներ, զինվորականներ,  հյուրեր     ծաղիկներ   և  ծաղկեպսակ  են  տեղադրել  Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:
 
Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը    հանդես  է  եկել    օրհնանքի  խոսքով:
Նա  իր  խոսքում   մասնավորապես  ասել է. «Բոլոր  ժամանակներում   մենք   ի  վիճակի  ենք  եղել  հաղթահարելու մեր  առջև  ծառացած    դժվարությունները  և    դեռ   պիտի  շարունակենք  հաղթահարել:  Խոնարհվելով    Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված  հուշակոթողի առաջ,  ասում ենք՝  մեր   գործն  արդար  է, ձեր   վճարած  գինն  իզուր չէ: Այն   շատ  թանկ  է  մեր  անկախության  և   ազատության  համար.  մենք այն   շարունակելու  ենք  մինչև  վերջնական   հաղթանակ»:
 
Մեզ  հետ  զրույցում  ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանն  ասել  է, որ  Արցախում    պաշտոնապես  գրանցված  է  773  անհայտ  կորած, որից  250-ն  ազտամատիկներ են, իսկ    523-ը՝   խաղաղ  բնակիչներ:
«Մեր  կազմակերպության   ստեղծման   21  տարիների  ընթացքում  հաջողվել  է  2000  թվականին՝  բանակցությունների  արդյունքում,   փրկագնի   դիմաց   ազատել  Ասկերանի  շրջանի   մեկ  բնակչի:  Իսկ  2003  թվականին՝  անհայտ կորածների հարցերով զբաղվող հանրապետական  հանձնաժողովի, Կարմիր  խաչի   միջազգային  կոմիտեի  և  իրավապահ  մարմինների     համատեղ   միջնորդությամբ Մարտակերտի  շրջանի   մեկ  բնակչի   դիակն է  փոխանակվել: Անհայտ  կորածների  վերաբերյալ  ունենք     բազմաթիվ   տեղեկություններ, որոնց  մասին  տեղեկացրել  ենք  իրավապահ  մարմիններին  և համապատասխան  հանրապետական  հանձնաժողովին»,-տեղեկացրել  է  Վ. Գրիգորյանը:
 
Անհայտ  կորած  ազատամարտիկի    մայր  Շուշիկ Հայրապետյանի խոսքով՝  ինքը   միայնակ  է  ապրում  Ասկերանի    շրջանի  Ավետարանոց  համայնքում,    և  արդեն   շուրջ   25  տարի  է  ինչ  որդին՝ Հենրիխ   Հայրապետյանը  գերության մեջ  է,  և  որևէ  տեղեկություն       դեռ   չի  ստացել:   
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play