Մոսկվան չհավատաց Ռոբերտ Քոչարյանին


Մոսկվան չհավատաց Ռոբերտ Քոչարյանին

  • 02-07-2019 13:14:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսական Առաջին ալիքը ռեպորտաժ է թողարկել, որը հնարավոր է վերագրել «ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի»: Ռուսական մեդիայում այդօրինակ թողարկումները քիչ չեն եւ նորություն չեն: Դրանք պարբերաբար հայկական հանրությանը առիթ են տալիս խոսել այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունն աջակցում է Քոչարյանին եւ պահանջում նրա ազատությունը: Իսկ դա էլ պայմանավորվում է մի շարք գործոններով, որոնց հանրագումարում տարածված է եզրակացություն, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում է Հայաստանը «հանձնվել» Ռուսաստանին:
 
Առերեւույթ դա այդպես է, նկատի ունենալով այն, որ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում Ռուսաստանի ենթակայության տակ է հայտնվել Հայաստանի ենթակառուցվածքների մի զգալի մաս՝ գազ, էլցանցեր, 2008 թվականին հավատարմագրային կառավարման է հանձնվել երկաթուղին: Այդ ցանկում նշվում է «Գույք պարտքի դիմացը»:
 
Մյուս կողմից, հետաքրքիր է օրինակ, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում Մոսկվային կամ ռուսական ընկերության չի տրվել Հայաստանի ռազմավարական դարպասը՝ Զվարթնոց օդանավակայանը: 2001 թվականին այն 30-ամյա հավատարմագրային կառավարման հանձնվեց արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին, եւ այժմ Հայաստանն ունի տպավորիչ օդանավակայան:
 
Ռուսնե՞րն էին անտարբեր օդանավակայանի հանդեպ, թե՞ նրանց դա պետք չէր, քանի որ փաստացի ռուսական գերակայության ներքո հայտնվեցին չվերթերը եւ անգամ Հայաստանի Ազգային ավիափոխադրող Արմավիան դե ֆակտո ռուսական ընկերություն էր: Իսկ դրա սեփականատերը Սերժ Սարգսյանին մոտ Միկա Բաղդասարովն էր:
 
2006 թվականին Ռուսաստանին վաճառվեց Հրազդան ՊՇԷԿ 5-րդ բլոկը, իսկ դրա դիմաց ստացված 250 միլիոն դոլարի մի մասը ուղղվեց ՊՆ, մյուս մասը՝ գազի թանկացած գնի ներքին սուբսիդավորման՝ բնակչության եւ տնտեսվարողների համար: Դա կատարվեց 2007 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Պայմանավորվեցին, որ Մոսկվան երեք տարի ձեռք չի տա գազի գնին:
 
Հատկանշական է, որ գազի այդ գործարքը հրապարակավ այսպես ասած «իր վրա վերցրեց» Սերժ Սարգսյանը, ասելով, թե ինքն ունի գազի գնի թանկացման խնդրի լուծում եւ մեկնելու է Մոսկվա այն իրականացնելու: Իրականացվեց ՊՇԷԿ գործարքով, որի հանդեպ հետաքրքրություն կար Իրանից եւ Չինաստանից:
 
2007 թվականը կամ 2006-07 թվականը հատկանշական էր իր քաղաքական տողատակով, եւ այդ ֆոնին էլ պետք է եզրակացնել, որ ամենեւին միարժեք չէ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Ռուսաստանի աջակցությունը կամ Հայաստանը ՌԴ-ին «հանձնելու» հանգամանքը:
 
Բանն այն է, որ 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը բավական ինտենսիվ գործի գցեց ԲՀԿ քաղաքական նախագիծը, իսկ արտգործնախարար Վարդան Օսկանյանին էլ առաջ մղեց որպես պոտենցիալ նախագահի թեկնածու, որը սկսեց ծրագրային ելույթներ ունենալ ներքին քաղաքականության թեմաներով:
 
Սերժ Սարգսյանը կանխեց դա, քանի որ այդ ամենը տապալում էր ՀՀԿ միջոցով իշխանության գալու իր ծրագիրը: Եվ տապալման հարցում շոշափելի դեր ունեցավ այն, որ Սարգսյանը Ռուսաստանին հավաստիացրեց Ռոբերտ Քոչարյանի «դեպի Արեւմուտք» թեքվելու մտադրության հարցում: Ունե՞ր Քոչարյանն այդպիսի մտադրություն, թե՞ չկարողացավ համոզել Մոսկվային, որ դա ներքին մանեւր է եւ բացարձակապես չկա արտաքին որեւէ վեկտոր, հարց է իհարկե: Բայց փաստ է, որ Վարդան Օսկանյանը կտրուկ դադարեցրեց ներքին ռեֆորմատորական ելույթները, իսկ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը վայելող ԲՀԿ-ն, որ ուներ 400 հազարից ավելի անդամ, հանկարծ հավաքեց ընդամենը 200 հազար ձայն, եւ խորհրդարանում Սերժ Սարգսյանը ձեւավորեց ՀՀԿ բացարձակ մեծամասնություն:
 
Առակը կցուցանե, որ Ռուսաստանի համար չկա «Ռոբերտ Քոչարյան», «Սերժ Սարգսյան» կամ այլ անուն ազգանուն: Կա Հայաստանի վրա ազդեցության խնդիր, որն էլ լուծվում է տարբեր անուն-ազգանուններով, ըստ ժամանակի թելադրանքի:
 
Ներկայում այդ դերի «լավագույն» հավակնորդ է Ռոբերտ Քոչարյանը, որն էլ խաղարկելով, Մոսկվան փորձում է քաղաքական եւ հոգեբանական ճնշման ենթարկել Հայաստանի իշխանությանն ու հանրությանը: Դրա նպատակն ամենեւին Քոչարյանի ազատությունը չէ, այլ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հանրությանը հոգեբանա-քաղաքական-գաղափարական փակուղի մտցնելը: Այդտեղ է գլխավոր խնդիրը, որ կարող են առաջացնել, կամ համենայն դեպս փորձում են առաջացնել ռուսական իշխանության որոշ ազեցիկ շրջանակներ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play