Մեզ ներքաշել են ճահիճի մեջ, որտեղ 5-րդ շարասյան դերում նախկին քրեապետության կրողներն են


Մեզ ներքաշել են ճահիճի մեջ, որտեղ 5-րդ շարասյան դերում նախկին քրեապետության կրողներն են

  • 31-07-2019 18:59:38   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

-Պարոն Շիրինյան, Ռուսաստանում ներքին վիճակը հարթ չէ, մարդիկ բողոքի երթի էին դուրս եկել, և ավելի քան 1400 մարդ է ձերբակալվել։ Սա կարո՞ղ է հանգեցնել փոփոխությունների, թե՞ այս ամենի տրամաբանական ավարտը 2024 թվականին կլինի։
 
-Դժվար է ասել՝ ինչ հանգուցալուծում կլինի, բայց որ ավտորիտար միտումներն ուժեղանալու են, դա միանշանակ է։ Իրենց մոտ դարերով ժողովրդավարության տկարություն է, խեղաթյուրված ընկալում է։ Ռուսաստանի ռեսուրսները շատ են, և դա ավտորիտար կառավարման ուժեղացման հնարավորություն տալիս է։ Չեմ կարծում, որ այս ամենը շատ կծավալվի, բայց ամեն դեպքում իրենք պնդօղակներ կստեղծեն։ Հիմա Ռուսաստանում անձի պաշտամունքի ստալինյան ավանդույթը լայն թափով վերականգնվում է, ինչն ուղղակի անհամատեղելի է առողջ բանականության հետ, բայց դա Ռուսաստանն է։ Ինչպես ասում են՝ Ռուսաստանին բանականությամբ հասկանալ հնարավոր չէ, իսկ մեր մեծերից մեկը՝ Սիմոն Զավարյանն ասում էր՝ հեռու մնացեք, շատ մի խրվեք։ Հետաքրքիրն այն է, որ ռուսները միշտ նաև ընդվզող առաջնորդ են ունեցել, օրինակ Կերենսկին։ Հիմա Նավալնին, կարծես, համառուսաստանյան լիդեր չի կարողանում դառնալ։ Իսկ ռուսների համար դա կարևոր է, որովհետև նրանք անձի պաշտամունքի երկիր են՝ ցար, գենսեկ և այլն։ Այդ առումով Պուտինը դեռևս մնում է չգերազանցված։
 
-Կարծում եք՝ բողոքի այս ալիքը կմարի՞։
 
-Եթե չմարի էլ, պոտենցիալ չունի։ Ռուսական գլուբինկան այս զարգացումներում չկա, միայն Մոսկվան է, իսկ ակցիաներն էլ քաղաքային դումայի ընտրությունների հետ են կապված։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ իշխանությունները շատ վստահ են գործում։
 
-Վերջին օրերին կրկին լարվել է իրավիճակը սահմանին, ունենք զոհեր ու վիրավորներ, սակայն ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չկա։ Սա ինչի՞ մասին է խոսում։
 
-Միակ բանը, որ շատ ցավալի է ինձ համար, մեր հասարակության անտարբեր վերաբերմունքն է այս ամենի նկատմամբ։ Մենք դարերով սովորել ենք շատ զոհեր տալուն, և դա շատ չի ազդում մեզ վրա։ Երկրորդ՝ հետհեղափոխական շրջանում Արցախից հակագրոհը հեղափոխական իդեալների և Նիկոլ Փաշինյանի դեմ կուրացրել է գողապետությանն ու դրա շահառուներին։ Մնացած առումով ամեն ինչ սպասելի է, Ադրբեջանը պետք է փորձի գրոհել։ Մեր ակնկալիքը այդ գործողությունների հանդեպ պետք է լինի մեր զինված ուժերի վարպետության բարձրացումը։ Իսկ դաշնակիցների առումով մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը Կովկասում բալանսը պահելու իր քաղաքականությունը չի խախտի։ Ընդ որում՝ հերթականության առումով մենք երրորդն ենք։ Առաջին տեղում Ադրբեջանն է որպես Ռուսաստանի գործընկեր, երկրորդը Վրաստանն է, և երրորդը՝ Հայաստանը։
 
Բայց կա նաև ներքին ենթաշերտը։ Մեզ ներքաշել են ներպետական դիսկուրսի մեջ, որտեղ 5-րդ շարասյան դերում նախկին քրեապետության կրողներն են։ Մենք մեր գործողություններում ազատ չենք, մենք խրված ենք, ու նախկին ոճրագործ ու գողապետական համակարգի ստեղծողի դատավարությունը վերածվել է խայտառակության։ Տեսեք, թե ինչ կատաղի կռիվ են տալիս, սրանք բոլշևիկներ են և պատրաստ են ամեն ինչի։ Նոր իշխանության անհասկացողության, անհասկանալի հանդուրժողականության, սիտուացիոն խնդիրների մեջ ներքաշվելու, հայ ժողովրդի դեմ հանցագործ դատական համակարգը հանդուրժելու հետևանքով ներքաշվել ենք ճահիճի մեջ։ Հնարավորինս շուտ պետք է պետությունը կարգի բերել։ Իսկ այդ դեպքում Ռուսաստանը, չուզենալով անգամ, հաշվի է նստելու մեզ հետ։ Թույլին չեն աջակցում, թույլին տրորում են, հատկապես եթե խոսքը հայ-ռուսական հարաբերությունների մասին է։
 
Հեղափոխական իդեալները, ժողովրդի ակնկալիքները պետք է կյանքի կոչվեն Հայաստանում։ Գողապետությունը, գոնե իր պարագլուխների մակարդակով, պետք է մեկուսացվի հասարակությունից։
 
-Այսինքն պետք է քաղաքական ու իրավական գնահատակա՞ն տրվի նախկին իշխանությանը։
 
-Այո։ Իհարկե, միգուցե խուսափում են այդ տերմիններից, բայց հայտնի է գողապետական համակարգն իր պարագլուխներով և շահառուներով։ Դրանք մի տեղ բունտ են կազմակերպում, մի տեղ հակագրոհ են տալիս։ Իշխանությունը շուտ պետք է կարգի գա։ Մյուս կարևոր մարտահրավերը ժողովրդի անտարբերությունն է։
 
-Դուք բնակա՞ն եք համարում, որ ՀԱՊԿ-ը չարձագանքեց սահմանին լարվածության աճին։
 
-Ես սպասելիք չունեմ այդ կառույցից։ Մեր ԱԳՆ-ն, մեր ՊՆ-ն պետք է պահանջեն, բայց հայությունը պետք է սովորի այն իրավիճակին, որ մենք դաշնակից չունենք։ Ոչ ոք ոչինչ չի անելու մեզ համար։ Մենք պետք է սովորենք, որ հույսներս միայն մեզ վրա ենք դնելու։ Ցեղասպանության դասը հենց դրա մասին է։ Մյուս կողմից, տեսնում ենք, որ Ռուսաստանը խրվում է իր խնդիրների մեջ։ Այս պայմաններում նրանք ժամանակ էլ չունեն իրենց դաշնակիցների մասին մտածելու, մանավանդ, որ այդ դաշնակիցն իրենց համար առանձնապես կարևոր չէ։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play