Բեկում Ստեփանակերտում. Փաշինյանը կստանձնի ղեկը


Բեկում Ստեփանակերտում. Փաշինյանը կստանձնի ղեկը

  • 02-08-2019 13:45:31   | Հայաստան  |  Վերլուծություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ կունենա համազգային օրակարգի կարեւոր հարցերի շուրջ: Փաշինյանն Արցախ է մեկնում Համահայկական ամառային խաղերի բացման արարողության առիթով, որը տեղի է ունենալու օգոստոսի 6-ին:
 
Նիկոլ Փաշինյանը արցախցիներին հրավիրել է հրապարակ, ելույթն ունկնդրելու եւ կարեւոր թեմաների շուրջ խոսակցության համար:
 
Վարչապետի նախաձեռնությունը թերեւս պատմական է այն առումով, որ աննախադեպ է՝ Հայաստանի որեւէ ղեկավար Արցախյան շարժումից ի վեր ելույթ չի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այդ իմաստով, օգոստոսի 5-ը փաստորեն դառնում է մարտի 12-ի վրա ավելացող նոր նշաձող, կամ մարտի 12-ի նշաձողի նոր մակարդակ: Մարտի 12-ին Արցախում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստն ու Հայաստանի վարչապետի հայտնի ելույթը՝ արցախյան կարգավորման գործընթացում Երեւանի հայեցակարգային նոր մոտեցումների վերաբերյալ:
 
Միեւնույն ժամանակ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի վարչապետի սպասվող ելույթը եւ համահայկական, համազգային, նաեւ ներքին օրակարգային հարցերի շուրջ խոսակցության ազդարարումը հատկանշական է այն ներքին իրողությունների ֆոնին, որ կան թե Հայաստանում, թե առավել եւս Արցախում՝ Արցախի իշխանության ձեւավորման, նախագահի եւ խորհրդարանի ընտրության համատեքստում:
 
Այդ գործընթացը լոկ իշխանության ձեւավորման գործընթաց չէ, կամ ավելի շուտ՝ Արցախի իշխանության ձեւավորման հարցը լոկ ներարցախյան կամ ներհայաստանյան նշանակության հարց չէ, այլ ընդգրկում է ռեգիոնալ, աշխարհքաղաքական լայն տիրույթ, ինչի վառ, մյուս կողից նաեւ որոշակի մտահոգիչ արտահայտումն է այն, որ առկա է արտաքին դերակատարման ընդգծված որոշակի սխեմաներ գործընթաց ներառելու կամ խցկելու ակնառու փորձեր:
 
Այդ ֆոնին, Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին ազդարարմանը արագ արձագանքել է Արցախի նախագահի ընտրության մասնակցության հայտ ներկայացրած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, կոչ անելով իր կուսակիցներին մասնակցել Հայաստանի վարչապետի հրավիրած հանրահավաքին եւ կանգնել Հայաստանի իշխանության կողքին, թույլ չտալով, որ Արցախը վերածվի հակահեղափոխության օջախի:
 
Վարչապետ Փաշինյանի ազդարարմանը զուգահեռ, հայտարարություն է տարածվել Արցախի նախագահի ընտրության մասնակցության մեկ այլ հայտատուի՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակից: Այն անմիջական արձագանք չէ Փաշինյանի հայտարարությանը, սակայն դրան զուգահեռվում է ուշագրավ համատեքստով:
 
Վիտալի Բալասանյանն ազդարարում է Արցախում կայունության եւ պետականության վտանգի մասին, դատապարտելի համարում հանուն իշխանության, «քաղաքացիական նախաձեռնությունների անվան տակ» քաղաքական հավակնություններն ամեն գնով առաջ մղելու ծրագրերը եւ հայտարարում, որ ինքն ու իր ընկերները վճռորոշ կերպով հակազդելու են այդպիսի վտանգավոր փորձերի:
 
Թեեւ Բալասանյանը չի տալիս որեւէ անուն, սակայն հայտարարության ձեւակերպումները ակնարկում են Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Բաբայանն է, որ հայտարարել է Արցախում հանրահավաքային շարժում սկսելու պատրաստակամության մասին, եթե Արցախի իշխանությունը չընդառաջի Սահմանադրությունը փոխելու եւ իրեն նախագահի ընտրությանն առաջադրվելու հնարավորություն ընձեռելու պահանջին: Բաբայանն է, որ դրա համար իրականացրել է ստորագրահավաք՝ քաղաքացիական նախաձեռնության ֆորմատում:
 
Ըստ այդմ, մեծ հավանականությամբ հնարավոր է եզրակացնել, որ Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը հենց Բաբայանի մտադրության դեմ է:
 
Միաժամանակ, Արցախի նախագահի ընտրության առնչությամբ աշխույժ հետաքրքրություն է դրսեւորել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը թե վերստին կալանվելուց առաջ տված հարցազրույցում, թե կալանատնից օրերս ունեցած հարցազրույցում խոսում է Արցախում «տեսակի պահպանության» մասին, թեեւ այդպես էլ չի մանրամասնում, թե իր կարծիքով ո՞վ է, որ պահպանելու է այդ տեսակը: Քոչարյանը հայտարարել է, որ ունի նախագահի իր համակրելի թեկնածուն, բայց չի ասի, թե ով է նա: Արդյոք երկրորդ նախագահի համար այդ թեկնածուն Սամվել Բաբայանն է, որն էլ իր հերթին կարծես թե հստակ դիրքավորվել է Արայիկ Հարությունյանի դեմ: Նա էլ իր հերթին բավականին բաց ազդակներ է հղում պաշտոնական Երեւանին:
 
Ահա այդ ֆոնին, օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում կարող է լինել բեկումնային, ընդ որում թե նախագահի ընտրության գործընթացի համատեքստում, թե ընդհանրապես Արցախի իշխանության գործոնի, Հայաստանի հետհեղափոխական երկսուբյեկտ մարտավարության հռչակման լայն նշանակության, դրան զուգահեռ էլ առկա գործըթացներում «ռուսական մանդատի» գաղափարի որոշակի առաջմղման տարաբնույթ փորձերի համատեքստում:
 
Փաշինյանն ըստ երեւույթին փորձելու է իրավիճակը վերցնել իր ձեռքը, թերեւս կասկածելով, որ Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը ներկայումս օբյեկտիվորեն ի վիճակի է անել դա այնպես, որպեսզի երաշխավորվի Արցախի նախագահի իրապես մրցակցային ընտրություն, մյուս կողմից այնպիսի մրցակցային, որտեղ որեւէ ելքի պարագայում հաղթանակը լինի Արցախինն ու Հայաստանինը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play