Ի՞նչ հարված է Փաշինյանի ելույթին. աղմկոտ հրապարակում


Ի՞նչ հարված է Փաշինյանի ելույթին. աղմկոտ հրապարակում

  • 07-08-2019 13:00:55   | Հայաստան  |  Վերլուծություն

BBC ռուսական ծառայությունը ծավալուն անդրադարձ է կատարել մարտիմեկյան գործի քննության, հրապարակելով «սենսացիա», որ քաղաքացիների գնդակահարության գործողությունը ղեկավարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, որը «արցախյան ջոկատ» է բերել այդ օրերին Հայաստան: Ըստ տեղեկության, ջոկատը տեղակայվել է կառավարության նիստերի դահլիճում, այնտեղ են այցելել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: BBC ռուսական ծառայությունը հրապարակել է նաեւ տեղեկություն, թե քննությունն ուսումնասիրում է Գագիկ Ծառուկյանի ու Սամվել Ալեքսանյանի մասնակցությունը մարտիմեկյան դեպքերին, որոնք քննության կարծիքով ֆինանսավորել են «արցախյան ջոկատի» երեւանյան կեցությունը:
 
BBC ռուսական ծառայությունը հրապարակել է նյութեր, որոնք անցնող ամիսներին, եւ նույնիսկ տարիներին տարբեր կերպ տեղ են գտել հայկական մամուլում:
 
Ինչու՞ է հեղինակավոր արտերկրյա լրատվամիջոցը հիշել մարտիմեկյան գործն ու քննական նյութերի գործնականում հանրահայտ ծաղկաքաղը մատուցել սենսացիոն տոնայնությամբ: Գործ ունենք հայկական նորագույն պատմության արյունալի ոճրագործության ու ողբերգության թեմայով հայտնի անեկդոտային՝ «քշի Թուրքիա» իրողության հե՞տ, երբ BBC ռուսական ծառայությունը նոր է իմանում այդ ամենի մասին: Թե՞ կան այլ շարժառիթներ ու տողատակեր:
 
Այդ իմաստով հատկանշական է, որ աղմկոտ հրապարակումը՝ արցախյան վերնախավի նախկին ներկայացուցիչ, ՊԲ փոխնախարարի պաշտոնից հրաժարական տված Սամվել Կարապետյանի անվան շոշափումով, տեղի է ունենում Արցախում երկու իրադարձության ֆոնին՝ Համահայկական 7-րդ խաղերի անցկացում եւ դրան նախորդած  հանրահավաք Վերածննդի հրապարակում եւ դրա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը գործնականում միտված էր ազդարարել համահայկական համերաշխության ու կոնսենսուսի հրամայականն ու անկյունաքարային կետերը:
 
Ընդ որում, հատկանշական է, որ այդ կետերից ամենաառանցքայինը թերեւս հայկական պետականության ինքնիշխանության միարժեքությունն ու անբեկանելիությունն է, որեւէ օտարերկրյա շահի սպասարկման բացառումն ու այդպիսի փորձի դեպքում կոշտ պատասխանի անխուսափելիությունը:
 
Ինչու՞ է այդ էպոխալ իրադարձության ֆոնին արտերկրյա հեղինակավոր լրատվամիջոցով թարմացվում «արցախյան ջոկատների» ծեծված թեման: Ու՞մ է անհրաժեշտ «պղտորել» Արցախում տեղի ունեցողը:
 
Ի դեպ, Արցախում լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ հատուկ ծառայությունները կարողացել են չեզոքացնել հայկական ներքին կյանքի արտաքին միջամտության փորձերը: Վանեցյանը չէր մանրամասնել, թե հատկապես ինչի՞ մասին է խոսքը, ասելով, որ ապահովում են հայկական պետականությունն արտաքին միջամտությունից:
 
Ի՞նչ պատկերացում կարող են ունենալ Հայաստանի հատուկ ծառայությունները Արցախում տեղի ունեցող պատմական իրողությունների ֆոնին արտերկրյա մամուլում լույս տեսած աղմկոտ հրապարակման մասին:
 
Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ Մարտի 1-ը Հայաստանի բաց վերքն է, եւ հայկական պետականությունը կանգնած է այն փակելու լրջագույն խնդրի առաջ: Բայց, դա հենց հայկական պետականության, թերեւս գուցե համահայկական խնդիր ու դիլեմա է, որն իր հանգուցալուծումը պետք է ստանա հայկական դատարանում, եւ ոչ թե արտերկրյա որեւէ հարթակում: Բայց կարեւոր է նաեւ, որպեսզի վերքը փակվի հնարավորինս արագ, որպեսզի դադարի նաեւ դրա վրա ներսից ու դրսից աղ լցնելու գործընթացը:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play