Փակ նիստ ու երկակի խաղ Փաշինյանի դեմ


Փակ նիստ ու երկակի խաղ Փաշինյանի դեմ

  • 06-09-2019 19:04:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իմ քայլը խմբակցության հետ անցկացրել է փակ հանդիպում եւ քննարկել Ամուլսարի հարցը: Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ բացի այդ հարցից, հանդիպմանը չի քննարկվել որեւէ այլ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՍԴ որոշման հարց:
 
Սիմոնյանը չի մանրամասնել, թե ինչ է քննարկվել Ամուլսարի առումով, իսկ հարցին, թե ինչքան է պետք սպասել որոշման համար, պատասխանել է, թե այնքան, որքան պետք է ճիշտ որոշում կայացնելու համար, որպեսզի որեւէ առումով Հայաստանը չտուժի:
 
Իհարկե, գործնականում անհնար է լինելու Ամուլսարի հարցում կայացնել որոշում, որը չունենա որեւէ ռիսկ եւ Հայաստանը չկանգնի որեւէ կորստի առաջ: Ամբողջ հարցն այն է, թե որքանով է այդ կորուստը լինելու նվազագույն, ոչ ճակատագրական, ոչ անդառնալի, եւ որքան են կառավարելի լինելու ռիսկերը որեւէ դեպքում:
 
Այդ տեսանկյունից, հազիվ թե հնարավոր լինի թեկուզ մեկ տարի անց գալ սկզբունքորեն այլ վիճակի, եթե իհարկե ավելի քան մեկ տարի շարունակ գործադիրը Ամուլսարի հարցը խորությամբ ուսումնասիրելու փոխարեն, չի զբաղվել «թիթեռ նկարելով» եւ նոր միայն սկսել գործը: Դա կլինի շատ անլուրջ: Այդ թվում եւ այն, որ վարչապետին կարող են տված լինել սխալ տեղեկություն կամ թաքցրած լինել այդ տեղեկությունները: Եթե այդպես է երկրի համար կարեւորագույն հարցի, խոշոր ներդրումային ծրագրի շրջանակում, ապա դա կարող է խոսել կառավարման համակարգում ընդհանապես խորքային եւ լուրջ խնդիրների մասին: Ուրեմն ինչպիսի՞ն է վիճակն ավելի փոքր հարցերում:
 
Մեծ հավանականությամբ, սակայն, Ամուլսարի հարցում կառավարությունը ներկայում ունի ոչ թե որոշման համար բավարար գործոնների, այլ որոշման իրագործման համար բավարար գործոնների խնդիր: Եթե կայացվում է հանքը չշահագործելու որոշում, ապա ակնառու է, որ պետությունից պահանջվելու է ահռելի մարդկային եւ ֆինանսական ռեսուրս միայն հնարավոր արտաքին հետեւանքն ու ռիսկերը կառավարելու եւ չեզոքացնելու համար, եթե չլինի ավելին՝ հարկ լինի այդ ամենից հետո էլ դեռ վճարել խոշոր տուգանքներ: Ի վերջո, կարող է ստացվել այնպես, որ 2,5 միլիարդ դոլարը՝ որ վարչապետը մտադիր է ծախսել բանակի արդիականացման եւ սպառազինության վրա հինգ տարվա ընթացքում, ավելի կարճ ժամանակում հարկ լինի կամ ամբողջությամբ կամ մասամբ վճարել ծրագիրը չեղարկելու համար:
 
Մյուս կողմից, եթե կայացվում է հանքը շահագործելու որոշում, ապա այս դեպքում էլ կա այն իրագործելու խնդիր: Որովհետեւ անկասկած է, որ դրա դեմ զանազան անկեղծ եւ կեղծ մոտիվներով պայքարող խմբերի եւ շրջանակների շահը հանգելու է մեկ կետում՝ դիմադրություն: Իսկ դա կարող է լինել ընդհուպ մի քանի հազար մարդ ներառող դիմադրություն, ինչը առանց ուժային գործողության հաղթահարելը շատ դժվար կամ գրեթե անհնար կլինի:
 
Մեծ հավանականությամբ հենց այստեղ է դիլեման, որի հանգուցալուծման տարբերակներ է փնտրում Նիկոլ Փաշինյանը:
 
Որովհետեւ, Ամուլսարի հարցում ամենայն անկեղծությամբ եւ նվիրվածությամբ պայքարողներից զատ, կա մինչեւ բոլորովին վերջերս այդ հարցի վերաբերյալ քար լռություն պահպանած շրջանակների մի ամբողջություն, իհարկե տարբեր մոտիվացիաներով, որոնք սակայն ներկայիս փուլը դիտարկում են քաղաքական հարցեր լուծելու շատ հարմար պահ:
 
Ընդ որում, այդ շրջանակները կարող են գործել երկակի մարտավարությամբ՝ մի ձեռքով լայվերում կամ այլ հարթակներում հորդորել ու քննադատել Փաշինյանին որոշում կայացնել չկարողանալու, կարեւոր ներդրումային ծրագիր տապալելու համար, մյուս ձեռքով նույն տիրույթներում կոչ անել հանրությանը դուրս գալ հանքի շահագործման ազգադավ որոշման դեմ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play