Նախարարի գլխավորած պատվիրակությունը Կոպենհագենում է

16-09-2019 16:07:51   | Դանիա  |  Հասարակություն
Կոպենհագենում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը։
 


Նախատեսվում է պատվիրակության ակտիվ աշխատանք նստաշրջանին։ Արսեն Թորոսյանն իր ելույթում ներկայացնելու է Հայաստանի առողջապահության համակարգի բարեփոխումներն ու անելիքները, ինչպես նաև նախարարը կանդրադառնա ԱՀԿ-ի վերափոխմանը և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի համար դրա հետևանքներին։
 
Միջոցառման շրջանակներում կքննարկվեն բնակչության առողջությանն ու  բարեկեցությանը սատարող «Առողջություն 2020» եվրոպական քաղաքականության սկզբունքների վրա
հիմնված մինչև 2030 թվականը կայուն զարգացման բնագավառում օրակարգի ճանապարհային քարտեզի իրականացման, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի կայուն զարգացման նպատակով հանրային առողջապահության բարելավման հարցերը, 2020-2021թթ. ֆինանսական բյուջեն, առողջապահության ֆինանսավորման նոր մոտեցումները, հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով գործողությունների ծրագիրը:
 
Անդրադարձ կկատարվի ԱՀԿ նախորդ նիստից հետո վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, հանրային առողջապահության, առողջապահության ֆինանսավորման բարելավման և այլ ուղղություններով երկրների կատարած աշխատանքին, դրանց արդյունքներին ու հեռանկարներին առաջիկա տարիների համար:
 
Միաժամանակ, կայանալու են նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի, ինչպես նաև ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության ընտրությունները:
 
Նստաշրջանի միջոցառումների ավարտից հետո Արսեն Թորոսյանը մեկնելու է Նյու-Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կայանալիք առողջության համապարփակ ծածկույթի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպմանը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 307 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար