«Հները» գտել են «նորերի» թույլ տեղը. էկզալտացիա «թարս աճած խիյարից»


«Հները» գտել են «նորերի» թույլ տեղը. էկզալտացիա «թարս աճած խիյարից»

  • 23-09-2019 11:01:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Անկախության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ուղերձները կրկին վերածվեցին «հների» ու «նորերի» լեզվակռվի: Պետք է նշել, որ այդ ուղերձները, հատկապես Քոչարյանի ուղերձը, բավական քինոտ էին, այսպես ասած՝ ժանրին ոչ համապատասխան, միեւնույն ժամանակ՝ նախկին նախագահները չեն կարողանում հաղթահարել սեփական վեհության սինդրոմը:
 
Դա բավական նյարդայնացրել էր «նորերին», մասնավորապես անվտանգության խորհրդի քարտուղարին ու ԱԺ արտաքին հքարաբերությունների հանձնաժողովի նախագահին: Ընդ որում, հետաքրքիր է, որ ԱԽ քարտուղարը չէր անդրադարձել Քոչարյանի ուղերձին, այլ միայն՝ Սերժ Սարգսյանի:
 
Ընդ որում, երկու պաշտոնյաներն էլ խոսել էին հների վերադարձի մասին ու բացառել այն: Թեման արդեն Լոս Անջելեսում շարունակել էր վարչապետ Փաշինյանը, ով լրագրողների հարցերին ի պատասխան կրկին խոսեց «հների՝» աղբանոցում գտնվելու եւ նրանց քաղաքական վերադարձը բացառելու մասին:
 
Երեւում է՝ «հները» գտել են «նորերի» թույլ տեղը եւ անընդհատ նյարդայնացնում են իրենց ելույթներով, հայտարարություններով ու գրառումներով: Տիրապետելով նաեւ քարոզչական ահռելի ռեսուրսի, այս մարտավարությունը տալիս է իր արդյունքը:
 
Դա առայժմ հանրային մեծ ազդեցություն չունի իր զգալի չափով պրիմիտիվ ու ակնհայտ մանիպուլյատիվ բնույթի պատճառով: Բայց այն շանս ունի արդյունավետ լինել, եթե կառավարությունը հանրային-պետական կյանքում չստեղծի որակապես այն նոր համակարգը, որը հանրության համար ակնհայտ կդարձնի փոփոխությունները: Համեմատության մեջ է ամեն ինչ չափվում, եւ զուր չէ, որ նախորդ համակարգի շրջանակները քարոզչության հիմնական թեզերից մեկը դարձրել են հենց այդ հանգամանքը, որ ոչինչ չի փոխվել:
 
Արմեն Աշոտյանը ճիշտ խորհուրդ է տալիս «նորերին»՝ պետք չէ թարս աճած խիյարից էկզալտացիայի մեջ ընկնել: Անցել է արդեն ահագին ժամանակ, եւ կառավարությունը իր գործերով պետք է լռեցներ ընդդիմախոսներին: Բայց համակարգային հիմնարար ծրագրերի վերաբերյալ քննարկումների փոխարեն շարունակվում է անիմաստ բանավեճը «հների» հետ, հանրային դիսկուրսը համառորեն պահելով անցյալում, ինչը գնալով նմանվում է «ալիբիի»: Այդ ալիբին ոչ մեկին արդեն չի հետաքրքրում:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play