Սկսվեց. ինչ գիտեր Հայկ Հարությունյանը


Սկսվեց. ինչ գիտեր Հայկ Հարությունյանը

  • 24-09-2019 15:16:44   | Հայաստան  |  Վերլուծություն

Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն հերքել են Հայելի կայքի տեղեկությունը, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինքնասպանություն է գործել վկաների ներկայությամբ, իսկ նրա վերջին բառերը եղել են այն, որ իրեն ստիպում են Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի եւ Գեղամ Պետրոսյանի դեմ, բայց նրանք մեղավոր չեն:
 
Բջնիի իր ամառանոցում սպանված հայտնաբերված Հայկ Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ին եղել է ոստիկանապետ: Գեղամ Պետրոսյանը եղել է ներքին զորքերի շտաբի պետ: Ամիսներ առաջ ՀՔԾ-ն նրան ձերբակալել էր զոհերից մեկի սպանության համար, սակայն երկամսյա կալանքի ժամկետից հետո Գեղամ Պետրոսյանն ազատ էր արձակվել: Մեղադրանքը սակայն հանված չէ:
 
Ռոբերտ Քոչարյանն ազատազրկված է, սակայն ոչ թե մարտիմեկյան սպանությունների, այլ սահմանադրական կարգի տապալման գործով:
 
Այն, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ նախնական վարկածով ինքնասպանությունը կապվելու էր մարտիմեկյան գործի հետ, անկասկած էր: Հարությունյանն այդ գործի առանցքային վկա էր, ընդ որում վկա, որն անմիջականորեն առնչություն ուներ այդ ողբերգական զարգացումների ամենաառաջին քայլերին՝ մարտիմեկյան լուսաբացին Ազատության հրապարակում կատարված ոստիկանական գործողության հետ:
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի, նախկին իշխանության պնդումն այն էր, որ այդ գործողությունը չի ունեցել խաղաղ ցույցը ցրելու նպատակ, այլ եղել է խուզարկություն՝ սպառազինության առկայության օպերատիվ տվյալի հիման վրա: Այդ պնդման վրա առաջանում է հակադրությունը ժամի հետ կապված, որովհետեւ ըստ օրենքի խուզարկությունը պետք է սկսեր ժամը 7.00-ից, մինչդեռ ոստիկանական գործողությունը սկսել է մոտ 10-20 րոպե առաջ:
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ երկրորդ նախագահը չի հանձնարարել իրականացնել գործողություն եւ տեղյակ չի եղել ոստիկանության այդ քայլից:
 
Հնարավո՞ր է դա: Սա հարց է տեսականում, բայց գործնականում գուցե շատ քչերն են հավատում, որ այդ բարդ իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող էր չտիրապետել իշխանական կառույցների քայլերին, կամ Հայկ Հարությունյանը կարող էր որեւէ քայլ կատարել առանց վերադասի: Այն դեպքում, երբ Հարությունյանն այդ իմաստով ամենեւին խարիզմատիկ եւ ինքնուրույն, այսպես ասած ինքնաբավ ոստիկանապետ, կամ առավել եւս քաղաքական ֆիգուր ոստիկանապետ չէր:
 
Հայկ Հարությունյանը մարտիմեկյան լուսաբացի ոստիկանական գործողությանն առնչվող կարեւոր պաշտոնյաներից չորրորդն է, որ այլեւս ողջ չէ: Տարիներ առաջ սրտի կաթվածից մահացել է Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսովը, իսկ մի քանի տարի առաջ էլ հիվանդության հետեւանքով կյանքից հեռացել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Ողջ չէ նաեւ այդ ժամանակ Ազատության հրապարակում գործողության օպերատիվ պատասխանատու Արմեն Երիցյանը: Նա եւս մահացավ հիվանդության պատճառով, մի քանի տարի առաջ: Հայկ Հարությունյանը մարտիմեկյան գործի իր ցուցմունքում նշել է, որ հրապարակում զենքի առկայության մասին Գորիկ Հակոբյանից տեղեկություն ստանալուց հետո Արմեն Երիցյանին է հանձնարարել ստուգել տեղեկությունն օպերատիվ բլոկով:
 
Հատկանշական է, որ մարտիմեկյան գործի քննության նոր փուլում Հայկ Հարությունյանը նկատելի ֆիգուրանտ չէր եւ նրա մասին կարծես նույնիսկ մամուլն էր մոռացել:
 
Այժմ նա կդառնա մամուլի ուշադրության առարկան՝ հետմահու, եւ անկասկած կսկսեն նրան վերագրվել իրողություններ, որոնք հերքել կամ հաստատել Հարությունյանը չի կարող: «Ուչաստկովիի մակարդակի՞» գործ է Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանությունը: Միարժեք դժվար է ասել, առավել եւս, որ հազիվ թե հանրության համար միարժեք լինի որեւէ վարկած:
 
Հետաքրքիր է այն, որ Հարությունյանի մահվան առիթով «մեդիաբոլոլան» սկսվեց «արյունը դեռ չչորացած», կարծես ոմանք սպասում էին պաշտոնական հաղորդագրության հրապարակմանը:
 
Պետք է հետեւել շարունակությանը, տեսնելու համար, թե Հարությունյանի մահվան էլ ինչ վարկածային սցենարներ են ուրվագծվում եւ ըստ այդմ ինչ «բազային հիմքեր» են ձեւավորվում մարտիմեկյան գործի շրջանակում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play