Վարչապետը կոչ արեց ամերիկահայ համայնքին Ցեղասպանության ճանաչումն այս պահին դնել մի կողմ և առաջ շարժվել. Սուրեն Սարգսյան


Վարչապետը կոչ արեց ամերիկահայ համայնքին Ցեղասպանության ճանաչումն այս պահին դնել մի կողմ և առաջ շարժվել. Սուրեն Սարգսյան

  • 27-09-2019 14:32:59   | Հայաստան  |  Միջազգային

 
Լոս Անջելեսում վարչապետի հետ հանդիպման ձևաչափը բացառիկ էր, որովհետև մինչ այդ նման ձևաչափով Հայաստանի որևէ ղեկավար հանդիպում չէր ունեցել: 
 
Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցը:
 
Ըստ նրա՝ ամերիկահայ համայնքը նույն ոգևորությամբ 1990-ականներին դիմավորել են Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց հանդիպումը փակ տարածքում է եղել: 
 
Ս. Սարգսյանի խոսքերով՝  համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտահայտած թեզերը նոր չէին, դրանք վերաբերում էին հայրենադարձությանը, Հայաստանում ներդրումներ անելուն ու տնտեսության զարգացմանը: 
 
«Այստեղ կարևոր էր մի առանձանահատուկ մոտեցում, որ եթե այսպես ասած թարգմանենք վարչապետի խոսքը, ապա նա մոտավորապես ասում էր, որ Ցեղասպանությունը որպես առաջնահերթություն՝ պետք է փոխարինվի Հայաստանի տնտեսական զարգացմամբ և ընդհանրապես Հայաստանի անվտանգության ապահովմամբ»,- նկատեց միջազգայնագետը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ դա նշանակում է, որ վարչապետը կոչ է անում ամերիկահայ համայնքին Ցեղասպանության ճանաչումն այս պահին դնել մի կողմ և առաջ շարժվել՝ հաշվի առնելով ՀՀ շահերն այսօրվա դրությամբ: 
 
«Անձամբ իմ կարծիքով՝ ԱՄՆ-ում ֆեդերալ մակարդակով Ցեղասպանությունը չի ճանաչվելու, որովհետև ԱՄՆ-ն այս հարցում չեն կարող սուվերեն որոշում կայացնել, որովհետև նման որոշման կայացումը չի բխելու իրենց ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի շահերից, որքան էլ այսօր իրենց հարաբերությունները լարված լինեն»,- ընդգծեց Ս. Սարգսյանը: 
 
Նա առանձնացրեց նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը համայնքային կազմակերպությունների և լոբբիստական կառույցների հետ: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play