Փրկարար ծառայությունն անցնում է «սովորիր-սովորեցրու» սկզբունքին


Փրկարար ծառայությունն անցնում է «սովորիր-սովորեցրու» սկզբունքին

  • 15-11-2019 15:03:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Նոյեմբերի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
 
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին առկա խնդիրների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
 
Ծառայության տնօրենը շնորհակալություն հայտնեց Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանին` նոյեմբերի 12-ին մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հատուկ տակտիկական ուսումնավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
 
Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբողջ ծառայությունն անցնում է Սովորիր-սովորեցրու սկզբունքին, ինչը ենթադրում է, որ ՓԾ բոլոր ստորաբաժանումների ղեկավարները պետք է տիրապետեն ծառայությանը վերաբերող համապատասխան գիտելիքներին և հմտություններին, ու այնուհետ այդ ամենը պահանջեն նաև իրենց ենթականերից: Տնօրենը կարևորեց փրկարար ծառայությունում գիտելիքների և հմտությունների զարգացումը և համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց զբաղվել այդ ուղղությամբ:
 
Հանձնարարվեց հրդեհաշիջման աշխատանքների կատարման ընթացքում ապահովել փրկարարների անվտանգությունը, պահպանել անվտանգության բոլոր կանոնները և աշխատել միայն արդարացված ռիսկի պայմաններում: 
 
Տնօրենը հանձնարարեց, որպեսզի ավտոսանդուղքների վարորդ-փրկարարներն անցնեն համապատասխան ուսուցում և վերապատրաստում:
Քննարկվեց ՓԾ հաստիքների ճիշտ և նպատակային օգտագործումը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Երևանի փրկարարական վարչության պետին հանձնարարվեց ներկայացնել, թե Երևան քաղաքի հատուկ և կարևոր օբյեկտներից որոնք ունեն օպերատիվ հրդեհաշիջման պլան, իսկ որոնք` ոչ:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին առաջացած բոլոր հարցերը և տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play