Փաշինյանը դարձյալ ոտքի հանեց Ալիեւին. ելք չմնաց


Փաշինյանը դարձյալ ոտքի հանեց Ալիեւին. ելք չմնաց

  • 19-11-2019 15:04:28   | Հայաստան  |  Վերլուծություն

Իլհամ Ալիեւը մոտեցել է Բաքվում մետրոյի կայարաններից մեկում բողոքի ակցիայի համար հավաքված ցուցարարներին: Նրանց նախկին փորձերը ոստիկանությունը ճնշել է ուժի բիրտ կիրառումով: Այս անգամ ցուցարարներին է մոտեցել Ալիեւը, լսել նրանց խնդիրներն ու պահանջները:
 
Ցուցարարների առաջ Ալիեւի հայտնությունն անշուշտ լավ օրից չէ: Նա կանգնած է ներքին ու արտաքին մի շարք մարտահրավերների առաջ, որոնք ավելի շատ նման են փակուղու: Առանցքային հարցն այդտեղ Արցախի խնդիրն է, որը Ալիեւն արդեն մոտ երկու տասնամյակ վերածել է «ադրբեջանական ինքնության» հարցը:
 
Սակայն այդ հարցը փակուղի մտավ Հայաստանի վարչապետի առաջ քաշած մի պարզ բանաձեւից հետո: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի, թե Ադրբեջանի ժողովրդի համար: Փաշինյանը ազդարարեց՝ եթե Ալիեւը կարող է կրկնել նույնը, ապա դա կվկայի, որ իրապես ունի խաղաղության ցանկություն, պատրաստ է աշխատել տեւական ու հաստատուն խաղաղության ուղղությամբ եւ սպառնալիք չէ Հայաստանի ու Արցախի, ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության համակարգերին:
 
Ալիեւը առայժմ չի կարողանում կրկնել այդ պարզ բանը: Որովհետեւ առաջին հայացքից պարզ թվացող հանգամանքը գործնականում նշանակելու է սեփական լեզվով քանդել «ադրբեջանական ինքնության» այն պատը, որ նա փորձել է մի ամբողջ սերնդի դիմաց շարել հայերի հանդեպ ատելության աղյուսներով:
 
Բայց ներկայում հենց ինքն է կանգնել ատելության այդ պատի առաջ: Կրկնելով այն, ինչ չափազանց պարզ, մարդկային լեզվով ասում է Նիկոլ Փաշինյանը, Ալիեւը փաստորեն պետք է քանդի իր իսկ կառուցած պատը: Հակառակ պարագայում, նա պետք է շարունակի ավելացնել ատելության քարերը, դրանով իսկ անկասկած էլ ավելի բարդացնելով իր վիճակը:
 
Ալիեւն առայժմ փորձում է ելք գտնել Նիկոլ Փաշինյանին այլ հարցերում կրկնելու մեջ՝ ամիսներ առաջ նա տիկնոջ հետ դուրս էր եկել Բաքվում կազմակերպված հանրային սելֆիի, այժմ էլ դուրս է եկել ցուցարարներին լսելու, հավանաբար օրերս տեսնելով, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մոտեցել եւ զրուցում իր նախարարներից մեկի հրաժարականը պահանջող ուսանողների հետ:
 
Հայաստանի վարչապետը դարձյալ ոտքի է հանել Ալիեւին, ստիպելով նրան քայլել: Ամբողջ հարցը սակայն այն է, որ Ալիեւը քայլելու տեղ չունի, հենց այն պատճառով, որ հայերի հանդեպ ատելությունը դարձրել է «ադրբեջանական ինքնության» ողնաշար: Ոտքի վրա նա ավելի ու ավելի մնում է թերեւս մեկ լուծման հույսին՝ նստելու տեղը զիջել իր տիկնոջը, որը մի քանի տարի առաջ Բաքվում հանդիպելով ռուսաստանցի լատենտ հայատյաց Պրոխանովին, հայտարարել էր, թե թույլ չի տա, որ Ադրբեջանի ժողովրդի մեջ սերմանվի ատելություն հայ ժողովրդի նկատմամբ:
 
Մեհրիբանը սակայն դա թույլ է տվել, թեեւ գուցե Իլհամի փակուղին խորացնելու եւ նրան այլ ելք չթողնելու համար:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play