Ռոբերտ Քոչարյանից հետո Սասնա ծռերը. ո՞վ է հաջորդը


Ռոբերտ Քոչարյանից հետո Սասնա ծռերը. ո՞վ է հաջորդը

  • 28-12-2019 12:22:13   | Հայաստան  |  Վերլուծություն

Սասնա ծռեր կուսակցությունը հայտարարել է, որ 2020 թվական է մտնում որպես իշխանության արմատական ընդդիմություն, նոր սպիտակ բեւեռ ձեւավորելու եւ հեղափոխականությունը պաշտպանելու նպատակադրումով: Կուսակացության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անկարող եղավ հեղափոխությունը հասցնել մինչեւ վերջ: Սասնա ծռերը խոսել են արտահերթ ընտրության մասին, ասելով, որ դրան պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության անցումային կառավարությունը:
 
Սասնա ծռերը 2018 թվականի արտահերթ ընտրությանն էին խոսում երկու տարի անց արտահերթ ընտրության անխուսափելիության եւ դրան սպասելու ու պատրաստվելու մասին: Ընդ որում, ընտրարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոշտ հակադարձում էր այդպիսի սպասումներին:
 
Սասնա ծռերը փաստորեն դարձյալ բարձրաձայնում են արտահերթ ընտրության մասին, ու այդ հարցում նրանք դարձյալ գտնվում են նախկին իշխանության հետ նույն տիրույթում, որովհետեւ արտահերթ ընտրության մասին խոսում է նաեւ նախկին իշխանությունը: Ինչ որ իմաստով ստացվում է ներքաղաքական «պարադոքս»՝ Սասնա ծռերը Նիկոլ Փաշինյանից դժգոհում է նախկին իշխող համակարգի հանդեպ անբավարար կոշտության եւ վճռականության համար, բայց արտահերթ ընտրության հարցում փաստորեն նախկին իշխող համակարգի հետ օրակարգային միեւնույն շրջանակում է:
 
Մյուս կողմից, արտահերթ ընտրության հանգամանքը թերեւս խաղաքարտ է, որն օգտագործվում է, բայց որի իրատեսականությանը չեն հավատում օգտագործողներն իրենք:
 
Այստեղ կարող է առանցքային լինել Ամուլսարի հարցը, որովհետեւ եթե իշխանությունը կայացնի հանքի շահագործումը ապահովելու որոշում, ապա մեծ է քաղաքական լուրջ թեժացման հավանականությունը, եւ այդ պարագայում պետք չէ բացառել, որ հանգուցալուծման միջոց ընտրվի արտահերթ ընտրությունը:
 
Ի դեպ, Ամուլսարն էլ թերեւս այն հարցն է, որտեղ Սասնա ծռերն ու նախկին իշխող համակարգը գտնվում են չբարձրաձայնված ներդաշնակ սպասումների դաշտում:
 
Բայց, սպասումներն իհարկե կարող են չարդարանալ, եթե տեղի ունենա հայ-ամերիկյան հարաբերության այն ճեղքումը, որի մասին շաբաթներ առաջ Ֆրանսիայում խոսել էր Նիկոլ Փաշինյանը: Ամուլսարի հարցը հայ-ամերիկյան հարաբերությունում նշանակալի էր, հետեւաբար ճեղքումը թերեւս ենթադրում է կամ հանքի շահագործում, կամ հակառակը՝ Հայաստանի նոր իշխանությունը կարողացել է չեզոքացնել խնդրի քաղաքական ռիսկերն ու մետաստազները, այդպիսով տնտեսական եւ գուցե արբիտրաժային դաշտում ստանալով մանեւրի հնարավորություն:
 
Ճեղքման մասին հայտարարությունը դեռեւս մանրամասնված չէ՝ դրա առնչությամբ ամբողջական պատկերացում կազմելու համար, սակայն հանգամանքը, որ Սասնա ծռերը հայտարարում են իշխանության աջակցության փուլի ավարտի եւ արմատական ընդդիմադիր դիրքորոշում որդեգրելու մասին, թերեւս հուշում է, որ Ամուլսարի առիթը ավելի հեռացել է:
 
Ի դեպ հատկանշական է, որ օրերս քաղաքական նոր փուլի մասին էր հայտարարել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ո՞վ է հաջորդը, որ կազդարարի քաղաքական նոր փուլի մասին:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play