Հայկական հետագիծը Թրամփի հեռախոսազանգի ֆոնին


Հայկական հետագիծը Թրամփի հեռախոսազանգի ֆոնին

  • 08-01-2020 16:35:53   | Հայաստան  |  Վերլուծություն

Սպիտակ տունը տարածել է հաղորդագրություն ԱՄՆ նախագահ Թրամփի եւ Կատարի էմիրի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում քննարկել են Իրանի Ղոդս հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո ստեղծված ռեգիոնալ իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները: Թրամփը Կատարի էմիրին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ հետ հուսալի գործակցության համար:
 
Կատարի էմիրի հետ ԱՄՆ նախագահի խոսակցությունը հատկանշական է արաբական երկրների՝ Կատարի հանդեպ հայտնի բոյկոտի ֆոնին, որ տեղի ունեցավ 2017 թվականի ամռանը: Բոյկոտը պայմանավորված էր հենց Իրանի հետ այդ երկրի հատուկ հարաբերությամբ:
 
Արդյոք Կատարը ստեղծված իրավիճակում դառնում է ամերիկա-իրանյան որոշակի հաղորդուղի՝ Իրանի քաղաքական վերնախավի որոշ շրջանակների եւ ԱՄՆ վարչակազմի միջեւ:
 
Հայտնի է, որ ԱՄՆ-ն ու Իրանը Սոլեյմանիի սպանությունից հետո, բացի հրապարակային կոշտ հռետորաբանությունից, փոխանակվել էին նաեւ փակ ուղերձներով՝ Շվեյցարիայի դեսպանի միջոցով: Այդ ուղերձների բովանդակությունը հրապարակված չէ:
 
Կատարի ներգրավման հնարավոր հանգամանքը ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից: Արաբական երկրների բոյկոտից շտապեց օգտվել Թուրքիան՝ Կատարին առաջարկելով ընդհուպ ռազմական աջակցություն: Եթե Կատարը դառնա ամերիկա-իրանյան որոշակի ոչ ֆորմալ հաղորդուղի, ապա դա կլինի էական հարված Թուրքիայի դիրքին:
 
2017 թվականին Կատարի շուրջ տեղի ունեցող զարգացումների ֆոնին ձեւավորվում էր նաեւ հայ-կատարական որոշակի հարաբերություն: 2017 թվականի մայիսին պաշտոնական այցով Դոհա էր մեկնել Սերժ Սարգսյանը, ընդ որում բաց թողնելով Պեկինում Մեծ մետաքսի ճանապարհին նվիրված եվրասիական Վեհաժողովը ԵՏՄ մյուս նախագահների մասնակցությամբ:
 
Կատարի հանդեպ բոյկոտը եղավ Սարգսյանի այցից մոտ մեկ ամիս անց: Ընդ որում, դրանից օրեր անց Դոհա ժամանեց Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը, Կատարի էմիրին փոխանցելով Սերժ Սարգսյանի ուղերձը: Նալբանդյանի հետ համաժամանակ Դոհա էր ժամանել նաեւ Իրանի փոխարտգործնախարարը, որն էլ էմիրին փոխանցել էր նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը:
 
2017 թվականն այդ առումով նշանակալի տարի էր հետագա զարգացումների իմաստով, որոնցում Հայաստանն ուներ հետաքրքիր դեր՝ այդ թվում Իսրայելի հետ գործակցության իմաստով, որի ռեգիոնալ գործակցության նախարարը օգոստոսին ժամանեց Հայաստան: Սերժ Սարգսյանն արձակուրդի պատրվակով չընդունեց նրան, իսկ հետո արձակուրդն ընդհատեց ու մեկնեց Իրան՝ Ռոհանիի երկրորդ պաշտոնամուտի արարողությանը: Դրանից մի քանի օր անց էլ Սերժ Սարգսյանը Սոչիում էր Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հետ: Երկուսն էլ նույն օրը ժամանել էին Սոչի Պուտինի հետ հանդիպման համար: Իսկ նոյեմբերին Իսրայել մեկնեց Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը, որի հետ հանդիպմանը Նաթանյահուն խոսել էր Իրանի ռեգիոնալ ներկայությունը սահմանափակելու անհրաժեշտության մասին, իսկ Թեհրանը Երեւանին հետո հորդորեց չտրվել «սիոնիստական ռեժիմի» մտադրություններին:
 
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան թավշյա հեղափոխական զարգացումները, որից ամիսներ անց Հայաստանի քաղաքական նոր ղեկավարությունը մի կողմից հայտարարեց Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման մասին, մյուս կողմից նոր որակի բերեց Իրանի հետ հարաբերությունը՝ Հասան Ռոհանիին հրավիրելով Երեւան ԵՏՄ Վեհաժողովին մասնակցելու:
 
2019 թվականի նոյեմբերին Կատարի հանրապետություն պաշտոնական այց կատարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play