Առանց վճռական կամքի չենք կարող արդարություն հաստատել


Առանց վճռական կամքի չենք կարող արդարություն հաստատել

  • 03-02-2020 10:18:37   | Հայաստան  |  Քաղաքական

Լույս դառնա հունվարի 30-ին գնդակահարված զինծառայող Վահրամ Ավագյանի հոգին,ինչպես արդեն լուսավորվել է 11 ամսվա զինծառայող Արթուր Աջամյանի հոգին, որին սպանել էին դեկտեմբերի 2-ին՝ իր ծննդյան օրը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի սգակիր հարազատներին խոստացավ անաչառ քննություն, ինքնասպանության չարաբաստիկ որակումից ձերբազատվեց, ինչպես Արթուր Աջամյանի դեպքում բարձրաստիճան այրերը երաշխավորեցին: Սակայն անաչառ և անկասելի բացահայտումների հեռանկարը դեռ անորոշ է, կոծկումների, թերասացության և անպատժելիության նախադեպերի շղթան՝ երկար: Բանակը մեր հպարտությունն է, մեր պետության և Արցախի անվտանգ գոյության հիմնական երաշխավորը, ինչո՞ւ ենք այդքան անհեթեթ համառությամբ անուշադրության մատնում կամ սքողում այնտեղ առկա խնդիրները: Քննչական կոմիտեն նշում է, որ երեք հոգի է ձերբակալվել Վահրամ Ավագյանի գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: Բոլորը գիտեն, որ ոչ կանոնագրքային, քրեական, կիսաքրեական, թաղային, թե այլ քստմնելի ենթամշակույթի դրսևորումները շարունակում են աղավաղել մեր երիտասարդ զինվորների կյանքը՝ ընդհուպ մինչև սպանություններ կամ թեկուզ և ինքնասպանության դրդում: Նորացող Հայաստանի բանակում նման մթնոլորտը չկանխողների համար անկասելի պատժի նախադեպ պետք է ստեղծվի, բարձրագույն, միջին հրամկազմը պետք է հասկանա, որ նման դեպքերը «չնկատելը», անտեսելն ու թաքցնելը անխուսափելի պատժի է արժանանալու՝ անկախ ամեն ինչից: Միայն թղթի վրա գրված օրենքներով, առանց վճռական կամքի չենք կարող արդարություն հաստատել և հասարակության անվտանգությունն ապահովել, Հայոց պետության համար անսահման թանկ է ամեն զինվորի, յուրաքանչյուր քաղաքացու կյանքը. նրանք են երաշխավորը մեր ինքնիշխան ապագայի ....

 

Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play