ՍԴ նոր կազմը. մեկ օրինակ եւ շատ հարցեր


ՍԴ նոր կազմը. մեկ օրինակ եւ շատ հարցեր

  • 10-03-2020 09:38:08   | Հայաստան  |  Վերլուծություն

Ապրիլի 5-ից հետո կունենա՞նք անկախ Սահմանադրական դատարան: Սահմանադրական հանրաքվեի համատեքստում այդ հարցը հնչում է հաճախ: Սահմանադրական դատարանի դատարանակազմի փոփոխության առումով ԱՅՈ-ն կարող է լինել պատասխան, բայց նոր ՍԴ կազմի անկախության առումով՝ ոչ: Ոչ առնվազն առայժմ, քանի դեռ անկախ ՍԴ ձեւավորելու առումով կա միայն կառավարող մեծամասնության հավաստիացում, իսկ կոնկրետ գործի առումով առայժմ կա միայն հակառակը վկայող օրինակ:
 
Ապրիլի 5-ից հետո հանրությունը կարող է ունենալ վստահելի ՍԴ՝ իր համար վստահելի, կամ ավելի շուտ՝ այնքան վստահելի, որքան վստահելի է կառավարող մեծամասնությունը: Որովհետեւ, եթե հաղթի ԱՅՈ-ն եւ փոխվի դատարանակազմը, ապա նոր կազմը ընտրելու է կառավարող մեծամասնությունը՝ խորհրդարանում քվեարկությամբ: Այնտեղ են որոշվելու կամ մերժվելու նոր դատավորները:
 
Ըստ այդմ, նրանք կլինեն վստահելի, քանի դեռ հանրությունը վստահում է նրանց ընտրած մեծամասնությանը, որին ընտրել է ինքը: Բայց, կլինի՞ դա անկախ դատարան, այստեղ մեղմ ասած կան հարցեր:
 
Կա օրինակ, երբ Հայաստանի կառավարող մեծամասնությունը խորհրդարանում մերժել է Սահմանադրական իրավունքի մասնագետի, իրավագիտության դոկտորի թեկնածություն: Մարդ, որը չի եղել Հայաստանի նախկին իշխող համակարգի որեւէ ուժի ներկայացուցիչ: Նա ուսանել է Գերմանիայում եւ աշխատում էր Գերմանիայում: Հայաստանում ներկայացրել է իր թեկնածությունը եւ մերժվել խորհրդարանում: Որովհետեւ խորհրդարանի կառավարող մեծամասնությունը քվեարկել է ակնհայտ քաղաքական համակրանքով, քանի որ ՍԴ դատավորի կարգավիճակում ցանկանում էր տեսնել իր քաղաքական համախոհությունը եւ համակրանքը վայելող մեկ այլ թեկնածուի, որը զուտ կարգավիճակից պահանջվող հատկանիշներով եւ «ռեգալիաներով» մերժված թեկնածուին զիջում էր ակնհայտորեն:
 
Բայց կատարվել է ակնառու քաղաքական ընտրություն: Եվ քանի որ կա նախադեպային օրինակը, բնականորեն առաջանում է նաեւ միանգամայն հիմնավոր կամ այսպես ասած «ողջամիտ կասկածը»՝ արդյոք ՍԴ նոր կազմի համար կընտրվեն թեկնածուներ, որոնք իրապես կլինեն անկախ:
 
Հարց, որը ոչ միայն չի վերանում ապրիլի 5-ին, այլ դառնում է առավել հրատապ: Որովհետեւ ՍԴ-ն, որի հանդեպ հանրային վստահությունը միջնորդավորված է կառավարող մեծամասնության հանդեպ վստահությամբ, չի կարող համարվել անկախ: Ի վերջո, ՍԴ հանդեպ վստահությունը կարող է նվազել, եթե փոխվի կառավարող մեծամասնության հանդեպ վստահությունը: Մյուս կողմից, իհարկե, տեսականում բացառելի չէ, որ ՍԴ-ն դրսեւորի այնպիսի վարքագիծ, որի պարագայում իր հանդեպ վստահությամբ գերազանցի ցանկացած քաղաքական թիմի:
 
Անկախ դատական համակարգ ունենալու համար Հայաստանը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Ընդ որում, այստեղ էականը ժամանակը կամ կիլոմետրերը չեն, այլ այն, թե այդ ճանապարհի ընթացքում ինչպիսի քայլեր կարվեն այդ համակարգն ունենալու համար: Որովհետեւ 7 դատավորի հեռացնելը մեծ իմաստով դեռ առաջին քայլն էլ չէ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play