Տուսկի ակնարկը Նիկոլ Փաշինյանին


Տուսկի ակնարկը Նիկոլ Փաշինյանին

  • 11-03-2020 09:25:00   | Հայաստան  |  Վերլուծություն

«Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»,  ասել էր ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը մարտի 9-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
 
Տուսկը ԵԽ նախագահի կարգավիճակում Հայաստան էր այցելել այդ պաշտոնին հրաժեշտի ռեգիոնալ տուրնեի շրջանակում: Հայաստանում նա հայտարարել էր, որ այստեղ բաբախում է Եվրոպայի սիրտը:
 
Իսկ մի քանի օր առաջ, Եվրոպայի սրտում Դոնալդ Տուսկը ընդունել էր Սերժ Սարգսյանին, որի գլխավորած ՀՀԿ-ն ներկայում Տուսկի գլխավորած ԵԺԿ անդամ է: ԵԺԿ-ն Եվրոպայի խորհրդարանի ամենամեծ եւ ազդեցիկ քաղաքական միավորն է, որը թերեւս առավել ազդեցիկ է նախկին բարձրաստիճան Դոնալդ Տուսկի նախագահության պայմաններում:
 
Ի՞նչ է ակնարկում ԵԽ նախագահը Հայաստանի հետ «ավանդական ընկերություն» ասելով: Արդյոք այն, որ ԵԺԿ-ն «ընկեր» է դիտարկում նաեւ Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած ՀՀԿ-ն, որը ԵԺԿ անդամ է արդեն մի քանի տարի, եւ միաժամանակ այն ուժն է, որ ստորագրել է Եվրոպայի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնված փաստաթուղթը 2017-ի նոյեմբերին:
 
Իհարկե, Սարգսյանը նաեւ 2013-ի սեպտեմբերին Ասոցացման ավարտված բանակցության եւ ստորագրության սպասող պայմանագրի տապալողն էր, սակայն ինչպիսի՞ քաղաքական միջավայրում տապալվեց այդ փաստաթուղթը, որ Սարգսյանը Եվրամիության հետ բանակցել էր մոտ 4 տարի:
 
Դրա տապալման հարցում էական նշանակություն ունեցավ այն, որ Հայաստանում սկսվեց այսպես ասած ոչիշխանական բեւեռի ձեւավորում, որը ներկայացնում էր Ռուսաստանի շահը Հայաստանում ներկայացնելու հայտ: Մեծ հաշվով, սեպտեմբերի 3-ի խորքային պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանում չկար ազդեցիկ ընդդիմություն, որը Սարգսյանից կպահանջեր հաջողությամբ ավարտել Ասոցացման գործընթացը: Հակառակը, կար ընդդիմություն, որը դե ֆակտո ներկայացնում էր Սերժ Սարգսյանին հեռացնելու եւ ռուսական քաղաքականությունը սպասարկելու լիակատար պատրաստակամություն: Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հետ կանգնելով Արցախն ու Հայաստանը չէ, որ պաշտպանում էր, այլ պաշտպանում էր սեփական իշխանությունը:
 
Եվ այստեղ կա բավական խորքային «իմաստ» Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգի տեսանկյունից, կամ դրա ապագա խնդիրների: Ի վերջո, հանրային լեգիտիմությունը հույժ կարեւոր, սակայն ճկունության ու մանեւրի համար ոչ բավարար ռեսուրս է աշխարհքաղաքական բարդ իրողություններում:
 
Այդ առումով, Հայաստանի պետական քաղաքականությունը, ինչպես մեծ հաշվով ցանկացած պետության դեպքում, էապես կախված է ոչ միայն իշխանության բնույթից եւ քաղաքական ուղենիշներից ու առաջնահերթություններից, այլ նաեւ ընդդիմության: Իսկ այդ առումով Հայաստանում կա դեռեւս քաղաքական դիրքավորման էական անհրաժեշտություն, եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Տուսկի ակնարկը թերեւս խորհրդանշում է այդ հանգամանքը, եղած նախապատմությունն ու անհրաժեշտ եզրակացության խնդիրը:
 
Հայաստանում ՌԴ դեսպանն օրերս հայտարարել էր, որ Մոսկվային հետաքրքրում է Հայաստանում ռուսամետ գործընկերների դերը քաղաքական կյանքում: Նույնը բնականաբար հետաքրքրում է Բրյուսելին: Եվ այստեղ կա էական եւ անգամ կենսական հետաքրքրություն հայկական շահի համար: Որովհետեւ Հայաստանի բարդ եւ առանձնահատուկ իրավիճակում պետական արդյունավետ քաղաքականության համար էապես անհրաժեշտ է քաղաքական բալանսում եվրոպական գործընկերության թեւի առկայությունը:
 
Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք ՀՀԿ-ն ի վիճակի է դառնալ այդպիսի թեւ, ընդ որում ոչ միայն վարքագծի եւ այսպես ասած ռեաբիլիտացիայի, արդիականացման, այլ նաեւ վստահելիության տեսանկյունից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play