Կալիֆոռնիայի գերագույն դատարանը արգելել է միասեռ
ամուսնությունները
27-05-2009 15:01:00 | ԱՄՆ | Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆոռնիայի
գերագույն դատարանը ուժի մեջ է թողել նոյեմբերին հավանության
արժանացրած նահանգային սահմանադրության փոփոխությունը, որով
արգելվում են միեւնույն սեռի անձանց ամուսնությունները, հաղորդում
է ԲիԲիՍի-ն:
2008 թվականի մայիսին Կալիֆոռնիայում թույլատրվել էին
գեյ-ամուսնությունները, սակայն նոյեմբերի 4-ին նահանգում անցկացվեց
հանրաքվե, որի ժամանակ ընտրողների 52 տոկոսը արտահայտվեց
համասեռամոլների ամուսնության իրավունքի սահմանափակման օգտին:
Կալիֆոռնիացիները սատարեցին նահանգային սահմանադրության
ուղղմանը, որով ամուսնությունը սահմանվում է որպես տղամարդու եւ
կնոջ միություն:
Երկու կողմերը կամպանիայի համար ծախսեցին 80 միլիոն դոլարից
ավելի, սոցիալական այդ հարցը դարձնելով ամենաթանկը ԱՄՆ-ում երբեւէ
հանրաքվեի դրված հարցերից:
Միասեռ ամուսնությունները ներկա դրությամբ թույլատրված են
հինգ նահանգներում` Մասսաչուսեթսում (առաջին նահանգը, որը
գեյ-ամուսնությունները օրինականացրել է 2004 թվականին),
Կոննեկտիկուտում, Մեյնում, Վերմոնտում եւ Այովայում: