Շուրջ 3750 հղիներ վաղվանից կկարողանան ստանալ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը. Զարուհի Բաթոյան
09-04-2020 15:35:55 | Հայաստան | Հասարակություն
Շուրջ 3750 հղի կին վաղվանից կկարողանա ստանալ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը:
Այս մասին ապրիլի 9-ին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ըստ նրա՝ հղի նշյալ թիվն այս պահի դրությամբ իդենտիֆիկացված է:
«Մենք ստացել ենք շուրջ 15000 հղի կնոջ մասին տվյալներ, բայց այդ տվյալները մենք պետք է, բնականաբար, համադրենք մեր մյուս բազաների հետ, այսինքն՝ Պետական եկամուտների կոմիտեի, Բնակչության պետական ռեգիստրի և այլն, և այս խմբից պետք է հասկանանք, թե ովքեր են ծրագրի շահառուները: Հիշեցնեմ, որ սա չի նշանակում, որ բոլորն են շահառու»,- ընդգծեց Զ. Բաթոյանը:
Վերջինիս խոսքերով՝ սոցիալական աջակցության ծրագրերին իրենց շահառու լինելը քաղաքացիները կարող են ստուգել արդեն իսկ գործարկված՝ ssa.am օնլայն հարթակում: