Առաջին անգամ ունենք վարակվածության ակտիվ դեպքերի որոշակի նվազում. Վարչապետը կոչ է անում չթուլացնել զգոնությունը


Առաջին անգամ ունենք վարակվածության ակտիվ դեպքերի որոշակի նվազում. Վարչապետը կոչ է անում չթուլացնել զգոնությունը

  • 14-04-2020 11:37:23   | Հայաստան  |  Հասարակություն

Առաջին անգամ ունենք վարակվածության ակտիվ դեպքերի որոշակի նվազում:
 
Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Ըստ նրա՝ երեկվա դրությամբ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ավելի շատ լավ լուրեր կան, քան վատ: 
 
«Մենք երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական է եղել 28-ը։ Շատ կարևոր վիճակագրություն ունենք, որ առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացման դեպքերը։ Երեկվա դրությամբ մենք 54 առողջացման դեպք ենք ունեցել։ Այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք։ Սա էլ է առաջին անգամ, երբ օրվա արդյունքով ոչ թե մեր վարակակիր պացիենտների թիվն աճում է, այլ  նվազում է»,- ընդգծեց Ն. Փաշինյանը:
 
Նրա խոսքերով, այդուհանդերձ, չպետք է թուլացնել զգոնությունը, որովհետև դա կարող է անմիջապես հանգեցնել վարակի նոր բռնկման: 
 
Վարչապետի գնահատմամբ՝ ներկայացված վիճակագրությունը թույլ է տալիս ասել, որ կա վարակի ողնաշարը ջարդելու հնարավորություն: 
 
«Հիմա շատ մեծ բան է կախված մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից: Գիտեք, որ պարետատան նոր որոշման շրջանակներում մենք տասնյակ հազարավոր մարդկանց հնարավորություն ենք տվել վերադառնալ աշխատանքի, և այս փուլում ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս գործատուների պատասխանատվությանը, թե ինչքանով են նրանք ապահովում իրենց իսկ ընկերություններում աշխատակիցների վարակման հնարավորությունները նվազագույնի հասցնելու համար»,- նկատեց Ն. Փաշինյանը: 
 
Նա նորից կոչ արեց գործատուներին առանձնահատուկ ուշադրություն դարձնել վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանը, որպեսզի վերջին օրերին նկատված դրական դինամիկան ոչ միայն պահպանվի, այլև զարգանա: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play