Իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկողների կողմից․ վարչապետ


Իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկողների կողմից․ վարչապետ

  • 08-05-2020 15:28:02   | Հայաստան  |  Քաղաքական

Ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով։ 
 
Այս մասին մայիսի 8-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առավոտյան խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։ 
 
Ըստ նրա՝ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը, հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների։ 
 
«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգմավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ, և այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի և իշխանական մեծամասնության միջև առկա վստահությունը։ Եվ այո՛, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հրավիրել է ինձ սուրճ խմելու և ես ուղիղ ասել եմ, որ այո՛, պարոն Մարուքյան, մենք ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունեությունն այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնություները գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է»,- ընդգծեց Ն. Փաշինյանը՝ կատարվածը գնահատելով որպես քստմնելի սադրանք։ 
 
Վարչապետի խոսքերով՝ ինքը դատապարտում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վարքագիծը, որոնք տրվում են սադրանքներին. 
 
«Մենք իրավունք չունենք տրվել սադրանքներին, որովհետև այո՛, նրանք ամեն օր, անընդհատ ուզում են շեղել մեզ մեր  արժեքներից, նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծողների, նրանք ուզում են մեզ հավասարեցնել քիլերների, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից, և այո՛, այսօր ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկողների կողմից։ Սա է ճշմարտությունը»։ 
 
Ն. Փաշինյանը նաև կատարվածը որակեց որպես ամենամեծ պարտություն, որն իրենք ունեցել են հեղափոխությունից հետո։ 
 
Կառավարության ղեկավարի կարծիքով՝ առկա լարվածությունը կապված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի, բազմաթիվ քրեական գործերի հետ։ 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play