Վերադարձ ակունքներին


Վերադարձ ակունքներին

  • 19-05-2020 12:31:19   | Հայաստան  |  Մշակույթ

Պարարվեստը միշտ մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրի համար: Այն զարգացել է ժամանակի ընթացքում. ներկայումս գոյություն ունեն տարբեր ոճի պարեր, սակայն շատ կարևոր է` վերցնելով նորը չկորցնել ազգայինը:
 
Հաճելի է տեսնել, որ ժամանակակից սերունդը փորձում է վերադառնալ իր ակունքներին՝ ետ բերել այն ոգին, որը գոյություն է ունեցել տարիներ շարունակ: Այդ ոգին է, որ մեզ ուժ է տվել դիմակայել տարբեր փորձությունների և օգնել է շարժվել առաջ: 
 
Ազգայինի պահպանման և սեփական մշակութային ժառանգությունը պահպանելու ոգով առաջնորդվող երիտասարդների կողմից ոչ վաղ անցյալում ստեղծվել է «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթը, որի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանի հետ զրուցեցինք համույթի անցած ճանապարհի և հետագա ծրագրերի մասին: 
 
 -Ալիկ, պատմեք Ձեր համույթի մասին, ինչպե՞ս ստեղծվեց այն։ Ինչպիսի՞ն էր համույթը երեկ և ինչպիսի՞ն է այսօր:
 
 -Համույթը ստեղծվեց 2009թ. մի խումբ երիտասարդներ հավաքվեցին, որոնք, այսպես ասած, ցանկություն հայտնեցին սովորել ազգային պարերը: Սկսեցինք փորձերը և այդ պարզ ցանկությունը վերածվեց ակտիվ գործունեության. հետագայում կարեցինք տարազներ, երգերի և պարեղանակների ձայնագրություններ արեցինք, սկսեցինք մասնակցել բազմաբնույթ միջոցառումների:
 
 -Ինչո՞ւ «Վերադարձ» : Ինչպե՞ս հանգեցիք հենց այս անվանմանը:
 
-Գիտեք՝ տարբեր անվանումներ կային, բայց ընտրվեց մեր գործի ամենախորհրդանշական անունը, այն է՝ վերադարձ մեր մշակութային ակունքներին:
 
 -Անդրադառնանք համույթի խաղացանկին. ի՞նչ պարեր են ընդգրկված, ո՞ր շրջանի և ո՞ր ժամանակահատվածին առանձնահատուկ պարերն եք վերականգնել:
 
-Համույթի խաղացանկը առաջին օրվանից գունեղ է եղել և մինչ օրս մեր ներկապնակը համալրում ենք տարբեր ազգագրական շրջանների երգ ու պարի բացառիկ նմուշներով, լրջորեն ուսումնասիրում և հանձնում ենք հանդիսատեսի դատին:
 
–Դուք ամեն տարի «Գութան» ազգագրական երգի- պարի փառատոնին ներկայանում եք տարբեր խաղացանկերով: Քանի որ հետևում եմ ձեր գործունեությանը, նկատել եմ, որ  այս վերջին 3 տարիներին ներկայանում եք Համշենական երգուպարով։ Ինչու՞: Ինչով է պայմանավորված «Գութան» փառատոնի շուրջ երեք տարի համշենական մշակույթ ներկայացնելը:
 
-Այո՛, շատ ճիշտ եք նկատել. վերջին ժամանակահատվածում համույթի խաղացանկային ճանապարհորդության հերթական կանգառը եղավ պատմական Տրապիզոնը՝  իր սևծովյան շրջանով և հատկապես, բուն Համշենով: Քանի որ այն ամենաքիչն էր ուսումնասիրված և ներկայացված, սկսեցինք խիստ ուսումնասիրել,  ընկղմվել պատմության խորքերը և ի ցույց դնել սևծովյան մշակույթի գանձերը, որոնք բացառիկ են իրենց երաժշտականությամբ, յուրահատկությամբ կատարման տեխնիկայով և ահա ստեղծեցինք նաև տվյալ շրջանին բնորոշ տարազներ և արդեն ներկայացանք պատշաճ կերպով 2018թ «Գութան փառատոնին։ Ինչ խոսք՝ շատ բուռն կերպով ընդունվեց, իսկ արձագանքները դրական և պարտավորեցնող էին:
 
 –Ամփոփելով մեր զրույցը, կարծում եմ արժե խոսել նաև ապագա գործունեությունից՝ որո՞նք են Ձեր առաջիկա նպատակներն ու ի՞նչ նշաձող եք սահմանել համույթի համար: Կա՞ արդյոք կարգախոս, որով առաջնորդվում եք:
 
-Նպատակները շատ են և վեհ. փորձում ենք չերկնչել դժվարությունների առջև, ցանկացած բարդություն անցնում ենք մեծ նվիրումով և եռանդով, առաջիկայում պլանավորված մենահամերգ ունենք: Պատրաստվում ենք, որպեսզի հավուր պատշաճի ներկայացնենք մեր նախնիների մշակութային ժառանգության արժեքավոր նմուշները: 
Հանճարեղ Կոմիտասի խոսքերը մեզ համար կարգախոս են՝ «պեղիր խորը, գտիր նորը:
 
 
 
 
 
 
 
 
Հարցազրույցը պատրաստեց Հասմիկ Հովհաննիսյանը 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play