Սերժ Սարգսյանի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին


Սերժ Սարգսյանի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին

  • 24-06-2020 15:52:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակները հաստատել են մամուլի տեղեկությունը, որ հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Որեւէ կողմ չի հայտնել այլ մանրամասն, իսկ Սերժ Սարգսյանի գրասենյակը նշել է, որ խոսքը անձնական բնույթի այցի, տեսակցության մասին է:
 
Այդպիսով, Սերժ Սարգսյանի գրասենյակն ընդգծում է, որ այցը չունի քաղաքական նպատակ եւ բովանդակություն: Իհարկե, անկախ այդ հանգամանքից, տեղեկության քաղաքական ընկալումը կասեցնելու փորձն անիմաստ է, իսկ ընկալումն էլ այդուհանդերձ տրամաբանական, հաշվի առնելով ներքաղաքական առկա իրողություններն ու ընդհանրապես հետհեղափոխական ընթացքը:
 
Բայց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պարագայում թերեւս առավել էական է նախահեղափոխական ժամանակահատվածը, որում երկու նախագահները սուր դիմակայության մեջ էին, ընդ որում դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից սկսած, գուցե առնվազն այն պահից, երբ ակնառու էր, որ Ռոբերտ Քոչարյանը ունի իշխանության հետ կապված այլ պլան, քան Սերժ Սարգսյանը: Երկրորդ նախագահը իր երկրորդ ժամկետից հետո իշխանությունը պատկերացնում էր ԲՀԿ մեծամասնությամբ եւ Վարդան Օսկանյանի նախագահությամբ:
 
Հաղթեց Սերժ Սարգսյանի պատկերացումը, եւ թերեւս ոչ առանց Ռուսաստանի օգնության: Կամ, գուցե հենց Ռուսաստանի օգնությամբ, այլապես հազիվ թե Սերժ Սարգսյանը զուտ ներքին հարաբերակցությամբ կարողանար կասեցնել Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի իրագործումը, հատկապես որ Քոչարյանը այսպես ասած ձիու՝ երկնիշ աճի եւ բարենպաստ աշխարհքաղաքական կոնյունկտուրայի վրա էր:
 
Ինչու՞ Մոսկվան ավելի շատ վստահեց Սերժ Սարգսյանի, քան Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ կապված հետագա ծրագրերին: Ըստ ամենայնի, այստեղ պատճառները թե առերեւույթ իրադարձությունների մեջ են, թե հնարավոր է խոհանոցային մանրամասների, որոնք հասու չեն հանրությանը:
 
Հետո արդեն վստահության սլաքները փոխվեցին, Մոսկվայի անվստահության թիրախում հայտնվեց Սերժ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ փորձեց օգտվել դրանից, թեեւ ապարդյուն:
 
Այդ ընթացքում Հայաստանում եղավ Մարտի 1, եղավ սեպտեմբերի 3, եղավ Գազպրոմի հետ խայտառակ պայմանագիր, եղավ ապրիլյան քառօրյա պատերազմ, եղավ ՊՊԾ գնդի գրավում:
 
Թվում է, որ Հայաստանն այդ շղթան կարողացավ հաղթահարել 2018-ի ապրիլին, անարյուն հեղափոխությամբ: Սակայն դրանից հետո Ռուսաստանում նոր թափով բռնկվեց անվստահությունը Հայաստանի հանդեպ, որը խթանելու ակնառու փորձեր արել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Կանե՞ր նա այդ փորձերը, եթե չլիներ նրա հանդեպ մեղադրանքը: Շատ դժվար է ասել, իսկ Քոչարյանն ինքը չի ասել, գոնե հրապարակավ: Իսկ, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասե՞լ է, որին կասկածում է հեղափոխությանը «պասիվ դիմադրության» համար: Իսկ Սերժ Սարգսյանը նրան ասե՞լ է, թե ինչ փորձ ունի Ռուսաստանի օգնությամբ իշխանության հարց լուծելու տառապանքը:
 
2014 թվականին Սերժ Սարգսյանն առաջարկում էր Ռոբերտ Քոչարյանին գնալ խորհրդարանի կառավարման մոդելի եւ քաղաքականությունից հեռանալ միասին: Ռոբերտ Քոչարյանը չհամաձայնեց, Սերժ Սարգսյանը հեռացրեց միայն Ծառուկյանին, իսկ ինքը գնաց փաստացի երրորդ ժամկետի, դե ֆակտո՝ հեղափոխություն «սադրելու»:
 
Առաջարկե՞լ է  Սերժ Սարգսյանը որեւէ բան Ռոբերտ Քոչարյանին այժմ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play