Հունվար-մայիսին Հայաստանի պետբյուջեի հարկերի ու տուրքերի<br /> 44,1%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին<br />


Հունվար-մայիսին Հայաստանի պետբյուջեի հարկերի ու տուրքերի
44,1%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին

  • 01-07-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 189,3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 73,4%-ով կատարելով կիսամյակային ճշտված ծրագիրը եւ 25,9%-ով` տարեկան ծրագիրը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, հարկերի ու տուրքերի 44,1%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է ավելի քան 83,4 մլրդ դրամ եւ 28,3%-ով կամ 32,9 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա ցուցանիշին: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 56,7 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, շուրջ 26,8 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են եւ' ներմուծումից, եւ' ներքին շրջանառությունից ստացվող գումարները: Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 8,3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 15,8 մլրդ դրամ: Մասնավորապես, հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 10,5 մլրդ դրամ, որից շուրջ 4,9 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 4,2 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 5,3 մլրդ դրամ, որից 2,9 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 4,1%-ով կամ 1 մլրդ դրամով: Ընդ որում, նվազել են միայն հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված գումարները: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 20,3%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 38,4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 2,8%-ով կամ 1,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների, ոչ ռեզիդենտների, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միեւնույն ժամանակ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով արձանագրվել է 53% աճ: 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 21,3 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11,2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 7,9%-ով կամ 1,6 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է ավելի քան 9,8 մլրդ դրամ` 22,9%-ով կամ 2,9 մլրդ դրամով զիջելով 2008 թվականի ցուցանիշին եւ ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 5,2%-ը: Պետական տուրքի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 6,6 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 62,2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքը նվազել է 19,9%-ով կամ 1,6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, լիցենզավորման եւ պետական գրանցման համար գանձվող տուրքերի նվազմամբ: Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են ավելի քան 8,9 մլրդ դրամ` 23,3%-ով կամ 1,7 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման, տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման համար գանձվող հաստատագրված վճարների աճով: Պարզեցված հարկից հունվար-մայիս ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 389,6 մլն դրամ, որը 85,8%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված 2009 թվականի հունվարի 1-ից «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն