Յունուար-մայիսին Հայաստանի պետբիւջէի հարկերի ու տուրքերի<br /> 44,1%-ն ապահովել է աւելացուած արժէքի հարկի հաշուին<br />


Յունուար-մայիսին Հայաստանի պետբիւջէի հարկերի ու տուրքերի
44,1%-ն ապահովել է աւելացուած արժէքի հարկի հաշուին

  • 01-07-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թուականի յունուար-մայիս ամիսներին Հայաստանի պետական բիւջէ են մուտքագրուել աւելի քան 189,3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 73,4%-ով կատարելով կիսամեակային ճշտուած ծրագիրը եւ 25,9%-ով` տարեկան ծրագիրը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, հարկերի ու տուրքերի 44,1%-ն ապահովել է աւելացուած արժէքի հարկի հաշուին: Այն կազմել է աւելի քան 83,4 մլրդ դրամ եւ 28,3%-ով կամ 32,9 մլրդ դրամով զիջել նախորդ տարուայ ցուցանիշին: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 56,7 մլրդ դրամը ստացուել է ՀՀ սահմանին հարկումից, շուրջ 26,8 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայութիւնների ներքին շրջանառութիւնից: Ընդ որում, նուազել են եւ' ներմուծումից, եւ' ներքին շրջանառութիւնից ստացւող գումարները: Պետական բիւջէի հարկերի ու տուրքերի 8,3%-ն ապահովել է ակցիզային հարկի հաշուին` կազմելով շուրջ 15,8 մլրդ դրամ: Մասնաւորապէս, հանրապետութիւն ներմուծուած ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացուել է աւելի քան 10,5 մլրդ դրամ, որից շուրջ 4,9 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 4,2 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետութիւնում արտադրուող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բիւջէի մուտքերը կազմել են շուրջ 5,3 մլրդ դրամ, որից 2,9 մլրդ դրամը ստացուել է ներքին արտադրութեան ծխախոտի իրացումից: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ ակցիզային հարկը նուազել է 4,1%-ով կամ 1 մլրդ դրամով: Ընդ որում, նուազել են միայն հանրապետութիւնում արտադրուող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացուած գումարները: Հաշուետու ժամանակահատուածում պետական բիւջէի հարկերի ու տուրքերի 20,3%-ն ապահովել է շահութահարկի հաշուին` կազմելով շուրջ 38,4 մլրդ դրամ: Նախորդ տարուայ համեմատ շահութահարկի մուտքերը նուազել են 2,8%-ով կամ 1,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է ոչ պետական ձեռնարկութիւնների, ոչ ռեզիդենտների, ինչպէս նաեւ օտարերկրեայ ներդրումներով ձեռնարկութիւնների կողմից վճարուած շահութահարկի նուազմամբ: Միեւնոյն ժամանակ ֆինանսավարկային կազմակերպութիւնների կողմից վճարուած շահութահարկի գծով արձանագրուել է 53% աճ: 2009 թուականի յունուար-մայիս ամիսներին ՀՀ պետական բիւջէ է մուտքագրուել շուրջ 21,3 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11,2%-ը: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 7,9%-ով կամ 1,6 մլրդ դրամով: Հաշուետու ժամանակահատուածում մաքսատուրքը կազմել է աւելի քան 9,8 մլրդ դրամ` 22,9%-ով կամ 2,9 մլրդ դրամով զիջելով 2008 թուականի ցուցանիշին եւ ապահովելով պետական բիւջէի հարկերի ու տուրքերի 5,2%-ը: Պետական տուրքի գծով պետական բիւջէի եկամուտները կազմել են շուրջ 6,6 մլրդ դրամ կամ առաջին կիսամեակում ծրագրուած մուտքերի 62,2%-ը: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ պետական տուրքը նուազել է 19,9%-ով կամ 1,6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, լիցենզաւորման եւ պետական գրանցման համար գանձուող տուրքերի նուազմամբ: Հաշուետու ժամանակահատուածում գործունէութեան առանձին տեսակներից գանձուած հաստատագրուած վճարները կազմել են աւելի քան 8,9 մլրդ դրամ` 23,3%-ով կամ 1,7 մլրդ դրամով գերազանցելով 2008 թուականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանաւորուած է խաղատների գործունէութեան կազմակերպման, դրամական շահումով խաղային աւտոմատների շահագործման, տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ hանրային սննդի ոլորտում գործունէութեան իրականացման համար գանձուող հաստատագրուած վճարների աճով: Պարզեցուած հարկից յունուար-մայիս ժամանակահատուածում պետական բիւջէ է մուտքագրուել 389,6 մլն դրամ, որը 85,8%-ով զիջել է նախորդ տարուայ նոյն ցուցանիշը` պայմանաւորուած 2009 թուականի յունվարի 1-ից «Պարզեցուած հարկի մասին» ՀՀ օրէնքի գործողութեան դադարեցմամբ:
  -   Տնտեսութիւն