Էս չե՞ք. Ալիեւը հրաժեշտ է տալիս ադրբեջանցիներին


Էս չե՞ք. Ալիեւը հրաժեշտ է տալիս ադրբեջանցիներին

  • 16-07-2020 15:40:44   | Հայաստան  |  Վերլուծություն

Հուլիսի 15-ի երեկոյան տավուշյան ուղղությամբ իրադարձությունների մասին Ադրբեջանի նախագահի ելույթը ուշագրավ էր անշուշտ ոչ միայն, եւ գուցե նույնիսկ ոչ այնքան Մամեդյարովի առումով, այլ «կամավորականների»: Ալիեւը հայտարարեց, թե պատերազմ պահանջող բազմահազար ցույցի մասնակիցներին հրահանգել է զինվորագրել, սակայն պարզվել է, որ տասնյակ հազարներից կամավորական է գրվել ընդամենը 150 մարդ: Ալիեւը համեմատել է առաջին պատերազմի հազարավոր զոհերի եւ պատերազմ պահանջող հազարավորներից 150 կամավորների փաստերը:
 
Երբ Ադրբեջանի նախագահը թիրախավորում է արտգործնախարարին, դրա քաղաքական տողատակերը բավականին պարզ են:
 
Բայց, երբ Ադրբեջանի նախագահը նսեմացնում է ադրբեջանցի ժողովրդին, դա արդեն առավել քան արտառոց է, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նախագահն ինքն է իր տարիների քաղաքականությամբ «կերտել» այդ ժողովրդի ռազմատենչ «քանդակը»: Բայց, փաստորեն Իլհամ Ալիեւից Պիգմալիոն չստացվեց, նա չսիրահարվեց իր կերտած «Գալաթեային» եւ անգամ հրապարակավ նսեմացնում է նրան, ի տես աշխարհի:
 
Ինչու՞, ինչու՞ է Ադրբեջանի նախագահը հրապարակավ ստորացնում իր իսկ ժողովրդին: Ռազմատենչությունն ավելի գրգռելու եւ զինկոմիսարիատների դիմաց հազարների հերթեր ստանալու՞ համար, հետո այդ պատկերը բավականին թանկ գնով արտաքին քաղաքական առեւտրի առարկա դարձնելու նպատակով: Հատկապես, որ Ալիեւը հայկական զինուժից ստացած ծանր հածվածից ու պարտությունից հետո ունի այդ առեւտրի անհրաժեշտությունը: Թե՞ Ադրբեջանի նախագահը «հրաժեշտ» է տալիս ադրբեջանցիներին, հասկանալով, որ իր քաղաքական եւ իշխանական պատմությունը մոտենում է պարտված ավարտին եւ մտնում այսպես ասած եզրափակիչ շրջափուլ:
 
Պարզապես, Ադրբեջանի նախագահը փորձում է դրա համար պատասխանատվությունը դնել ժողովրդի ոչ բավարար հայրենասիրության վրա: Ալիեւի հայտարարությունը գործնականում խոստովանություն է, որ ադրբեջանական ազգային ու պետական ինքնություն կառուցելու իր ջանքը, փաստացի պետության «հայր» դառնալու իր ջանքը ավարտվել է անհաջողությամբ, բայց այն պատճառով, որ «զավակը մարդ դուրս չեկավ»:
 
«Էս չե՞ք, իսկ ես ուզում էի ձեզանից ստանալ հաղթող պետություն», իր ելույթի տողատակում փաստորեն ասում է Ալիեւն ադրբեջանցիներին: Բայց, ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի նախագահը դիտարկել է ազգային ու պետական ինքնության մի առանցք, որը պարզապես անիրականանալի էր, քանի որ այն կարող էր լինել, եթե դադարեր լինել Հայաստանը: Որքանո՞վ կարող էր ողջախոհ լինել մտայնությունը, թե Հայաստանը կարող էր դադարել գոյություն ունենալ: Միթե՞ Ալիեւը անկեղծորեն հավատացել է այն բանին, ինչ քարոզում էր ավելի քան երկու տասնամյակ: Եթե այո, ապա դա արդեն Ադրբեջանի նախագահի, ոչ թե ադրբեջանցի ժողովրդի խնդիրն է:
 
Ադրբեջանցի ժողովրդի խնդիրը այլ է: Ալիեւի քաղաքական հիվանդությունն այլեւս անբուժելի է: Բուժելի՞ է արդյոք ադրբեջանական ժողովրդի վրա դրա հոգեբանական ազդեցությունը: Այն, որ կազմակերպված ռազմատենչ հանրահավաքի հազարավորներից ընդամենը 150-ն է կամավորագրվել փաստացի ինքնասպանության համար, կարող է խոսել թերեւս այն մասին, որ ավելի քան երկու տասնամյակի ատելության պետական քարոզի, մարդասպանության հերոսացման քաղաքականությունից հետո սթափ դատողությունն այդուհանդերձ չի լքել ադրբեջանական ժողովրդին, եւ ատելության վարակը այն չափի չէ, ինչ չափի թվում էր ադրբեջանական քարոզչության մատուցած իրականությունից:
 
Հետեւաբար, հնարավոր է թերեւս ադրբեջանական հանրության հետ խոսել առանց որեւէ նախապայմանի, այսպես ասած հակամարտության այսպես ասած չկարգավորվածության պայմանում խաղաղության մասին: Խնդիրն Ադրբեջանի իշխանությունն է, որն իհարկե այդքան էլ հեշտ եւ արագ լուծվող խնդիր չէ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir. am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play