Ճակատագրական մոլորություն. Ադրբեջան պետություն չկա, իսկ կլինի՞ եւ ի՞նչ բովանդակությամբ


Ճակատագրական մոլորություն. Ադրբեջան պետություն չկա, իսկ կլինի՞ եւ ի՞նչ բովանդակությամբ

  • 18-07-2020 12:43:27   | Հայաստան  |  Վերլուծություն

Տավուշի սահմանագոտում տեղի ունեցողը, որ ներկայումս մտել է հարաբերական անդորրի փուլ եւ հանուն երկկողմ մարդկային կյանքերի պետք է հուսալ, որ կմնա այդ փուլում, գործնականում լոկ երկու բանակների կամ զինված ուժերի բախում չէր: Միջազգային մի շարք արձագանքների հանգամանքը լավագույնս հուշում էր, որ տեղի ունեցածը ռեգիոնալ ռազմավարական բնույթի ռազմա-քաղաքական իրողություն էր, որտեղ հայկական եւ ադրբեջանական պետությունների կամ պետականությունների դիմակայություն էր, աշխարհագրական լոկալ շրջանակում խտացված:
 
Կամ, ավելի շուտ ակնառու էր, որ կա հայկական պետականության եւ ադրբեջանական նավթադոլարների եւ դրանցից ածանցված իսրայելական սպառազինության, մասնավորապես անօդաչուների բախում, որքան էլ չհնչի տարօրինակ:
 
Ընդ որում, փաստացի ստացվեց, որ ադրբեջանական նավթադոլարները փաստորեն բավականին վնաս հասցրին իսրայելական սպառազինության հեղինակությանը: Դա իմիջայլոց, թեեւ Իսրայելն ըստ ամենայնի ունի Ադրբեջանի հետ գործակցության վերանայման մասին խորհելու անհրաժեշտություն: Չի բացառվում նաեւ, որ Հայաստանի հետ հարաբերության սերտացման վերջին երկու-երեք տարիների նկատելի շարժը վկայում է այդ տրամադրության մասին եւ պայմանավորված է նաեւ դրանով:
 
Իլհամ Ալիեւն, իհարկե, փորձում էր նավթադոլարներից ստանալ ադրբեջանական պետություն, լավ պատկերացնելով եղածի արհեստածին բնույթը: Պարզապես, Ալիեւը ունենալով ըստ էության ադեկվատ մտահղացում, մեղմ ասած ոչ ադեկվատ էր դրա բովանդակության հարցում: Նա փորձում էր նավթադոլարներով Ադրբեջան պետություն ստանալ հայկական պետականության ոչնչացման «էքզիստենցիալ գաղափարի» վրա: Դա նրա ճակատագրական սխալն էր, եւ լինելու է ճակատագրական սխալ բոլոր նրանց համար, ովքեր կղեկավարեն Ադրբեջանը:
 
Հայկական ինքնությունը, ռազմագիտությունը, գիտական-տեխնոլոգիական միտքը ձեւավորեցին հայկական պետականության հարվածային ուժը, որը ռազմա-քաղաքական միջազգային ու ռեգիոնալ բարենպաստ վիճակը եւ պատեհ հնարավորությունն օգտագործելով այս անգամ իրականացրեց Ադրբեջանի սադրանքին ի պատասխան ասիմետրիկ գործողություն եւ Տավուշում լուծեց ռազմավարական խնդիր:
 
Բայց, հաջողությունն ու ձախողումը, հաղթանակն ու Ադրբեջանի պարտությունը անկասկած Տավուշում չէր, այլ Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության գլխում եւ Կասպիցի նավթահորերում ու գազի պահուստներում: Նավթադոլարով ազգային-պետական ինքնություն կերտել հնարավոր չէ, եւ հնարավոր չէ իսրայելական ռազմա-տեխնիկական, գիտական միտքը, որն անկասկած լավագույններից է աշխարհում, արդյունավետ տեղայնացնել նավթադոլարների վրա: Իսրայելն այդ միտքը եւս կառուցել է պետական ու ազգային ամուր եւ բովանդակային ինքնության վրա, հետեւաբար այդ միտքը կարող է աշխատել միայն այդ հենքով:
 
Տավուշի իրադարձություններին հաջորդած ներադրբեջանական վիճակը, ադրբեջանա-թուրքական քննարկումներն ու Ալիեւի ելույթները վկայեցին, որ Ադրբեջանը հետխորհրդային վարչա-իրավական իներցիա է, ոչ թե պետություն: Հակառակ պարագայում, օրինակ, պետությունում որեւէ մեկը կգիտակցեր, որ անթույլատրելի է ՊՆ խոսնակի մակարդակով սպառնալ որեւէ երկրի ատոմային էլեկտրակայանին հարվածելով: Բայց դա փոքր դրվագ է, խնդիրները Բաքվում իրականում շատ ավելի մեծ են: Եվ դրանք տավուշյան իրադարձությունից հետո առավել շոշափելի դարձրին Ադրբեջանում պետության գոյության եւ ինքնության բացակայության խնդիրը, ու այդ բացը հայերի հաշվին լրացնելու մոլորության հնարավոր ճակատագրականությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play