Ինչու Բաքուն թույլ չի տալիս այցելել հայ ռազմագերուն


Ինչու Բաքուն թույլ չի տալիս այցելել հայ ռազմագերուն

  • 11-09-2020 14:28:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Կարմիր խաչի ներկայացուցիչները չեն կարողացել այցելել գերության մեջ գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ ԿԽՄԿ Երեւանի գրասենյակը հաստատել է դա։
 
Ինչու՞ միջազգային կազմակերպությունը չի կարողանում տեսակցել ռազմագերուն, որն այն կողմում է հայտնվել օգոստոսի 23-ին։
 
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել «Ալավերդյանի երկու հրամանատարների՝ Արմեն Ջամալյանի եւ Վազգեն Վարդանյանի նկատմամբ»։ Ադրբեջանական թերթերը գրում են, որ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել «լրտեսության, Ադրբեջանի պետական սահմանին հատման, ահաբեկչության փորձի» եւ այլ հոդվածներով, նրանց նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում է հայտարարվել։
 
Օրերս Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները սոցիալական հարցերով վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին։ Գնդապետ Ավետիսյանը հավաստիացրել է, որ ՊՆ-ն աշխատանքներ է տանում պարզելու հանգամանքները, որոնց պատճառով սպան հայտնվել է Ադրբեջանի տարածքում, ինչպես նաեւ ապահովելու նրա կարգավիճակից բխող ընթացակարգերը։
 
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ԵԱՀԿ-ը, ԿԽՄԿ-ը, ՄԱԿ-ի համապատասխան կառույցները գործադրում են բոլոր ջանքերը զինծառայողին վերադարձնելու համար։
 
«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել է հակառակորդի կողմում: Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է կամ այլ պայմաններում է հայտնվել այնտեղ, պետք է պարզենք: Դրանից կախված մենք տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք, չնայած որ հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն Ադրբեջանում Միջազգային կարմիր խաչի ներկայացուցչությունն այցելի մեր զինծառայողին: Այս պահին այդ պահանջը չի կատարվել»,- նշել է պաշտպանության նախարարը:
 
Ինչու՞ Ադրբեջանը միջազգային կազմակերպություններին թույլ չի տալիս տեսակցել հայ զինծառայողին։ Ելնելով հարցի նրբությունից, դա բարձրաձայն չի քննարկվում, բայց Հայաստանի ԱԳՆ ու ՊՆ տագնապը վկայում է, որ ինչ-որ գործընթացներ են գնում։
 
Դավիթ Տոնոյանի խոսքերից հետո, որ հայ սպային հնարավոր է առեւանգել են, ադրբեջանցի փորձագետներն սկսեցին գրել իրենց դիվերսանտների վերադարձի մասին, որոնք պատիժ են կրում Արցախում։ Նույն օրերին Ստեփանակերտում կայացավ ռազմագերիների հարցերով հանձնաժողովի նիստը, բայց որոշումների մասին հրապարակային չհայտարարվեց։ Քաղաքագետները նշեցին, որ ռուսական կողմը, հնարավոր է, փորձում է Արցախի հետ ուղիղ շփումների միջոցով հասնել ադրբեջանցի դիվերսանտների վերադարձին։
 
Պատասխանելով բոլորը բոլորի դիմաց փոխանակության հնարավորությանը՝ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանում ռազմագերիներ չկան։ «Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են առաջադրվում Ադրբեջանի տարածքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել են Ադրբեջանի իրավասության ներքո։ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած,  «ետ վերցնել» իր երկու մարդասպաններին, ովքեր իրենց պատիժը կրում են Արցախում` Արցախի անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանի սպանության համար: Եվ այս մասով պետք է նշեմ, որ անչափահասին կյանքից զրկելը ծանր հանցագործություն է բոլոր հասարակություններում», – ասել է Նաղդալյանը:
 
Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով աշխատանքից ազատվել են մի շարք զինծառայողներ, որոնք կապ ունեն հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի գերեվարման հետ։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, այդ զինծառայողները հեռացվել են կարգապահության կոպիտ խախտման, մասնավորապես, ծառայության ժամանակ սմարթֆոն օգտագործելու համար։
 
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի զինծառայողները լուսանկարել են Ալավերդյանին, ապա լուսանկարներն ուղարկել իրենց հարազատներին, որի հետևանքով դրանք հայտնվել են սոցցանցերում։

 ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play