Քաղաքական դասի «երազանքի» ողբերգական մարմնացումը. բոլորը սպասում էին


Քաղաքական դասի «երազանքի» ողբերգական մարմնացումը. բոլորը սպասում էին

  • 08-12-2020 14:22:00   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է դեկտեմբերի 7-ի երեկոյան տարածված ձայնագրությանը, որտեղ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին համոզում է հանձնել Արցախի 7 շրջանները, ասելով, թե դրա դիմաց Ալիեւը պատրաստ է վճարել 5 միլիարդ դոլար՝ սկզբի համար: Սերժ Սարգսյանն ասում է, թե ինքը պատրաստ է 6 միլիարդ վճարել՝ Ալիեւի հրաժարվելու դիմաց, եւ հնարավոր չէ հանձնել տարածքները, քանի որ դրանց համար կյանք է տվել 5000 մարդ:
 
Սերժ Սարգսյանի գրասենյակը պարզաբանել է, որ ձայնագրությունը Երեւանում 2016 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովի նախագահների փակ կազմով հանդիպումից է: Գրասենյակը հայտարարել է, որ փակ հանդիպումը ենթակա չէ մեկնաբանման, այլ ընդունում են ձայնագրության տարածումը իբրեւ փաստ, միաժամանակ տարակուսելով, թե ինչպես է փակ հանդիպման ձայնագրությունը հայտնվել համացանցում:
 
Դա երեւի թե առանցքային փաստն է, որովհետեւ թույլ կտա գնահատել ու հասկանալ մոտիվը: Ձայնագրությունը կարծես թե չի պարունակում Սերժ Սարգսյանի համար վարկաբեկիչ ոչինչ: Ավելին, նա նույնիսկ փաստորեն դիմադրում է տարածք հանձնելու ճնշմանը: Միաժամանակ, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի դաշնակցային բլոկ համարվող կառույցի նախագահները Հայաստանին համոզում են հրաժարվել Ղարաբաղից: Դա իր հերթին ներկայիս իրադարձությունների լույսի ներքո կարող է տալ գնահատականների ու եզրահանգումների հետաքրքիր առիթ պաշար, կապված արցախյան երկրորդ պատերազմի եւ դրա աշխարհա եւ ռազմա-քաղաքական համատեքստի հետ:
 
Միեւնույն ժամանակ, կասկած չկա, որ ՀԱՊԿ նախագահները նույն հարցը բարձրացրել են Նիկոլ Փաշինյանի առաջ: Ավելին, նրան կարող էին հիշեցնել բարձր լեգիտիմությունը եւ հետեւաբար հարցը լուծելու ավելի մեծ կարողությունը, ի տարբերություն օրինակ Սերժ Սարգսյանի:
 
Պատերազմը պարզորոշ վկայում է, որ Փաշինյանը հրաժարվել է տարածք հանձնելուց: Դրա մասին ասվել է բավականին բաց: Ամբողջ հարցն այն է սակայն, թե արդյոք կարող էր լինել որեւէ «դավադիր» համաձայնություն հանձնումը պատերազմով իրականացնելու համար:
 
Դեռեւս 2016-ի ապրիլյան քառօրյայից առաջ առիթ եմ ունեցել գրելու, որ այսպես կոչված Կազանի պլանի տրամաբանությունը չունի խաղաղ տարբերակով իրագործվելու գրեթե որեւէ հնարավորություն եւ իրագործումը դիտարկվելու է գերազանցապես պատերազմի տարբերակով:
 
Այլ հարց է, Հայաստանի ռազմա-քաղաքական որեւէ ղեկավարություն կարողանալու՞ է ապահովել Հայաստանի այնպիսի պատրաստվածություն, որը կանխի պատերազմի փորձերը, թե ոչ: Մյուս կողմից, սակայն, այդ հարցում պատասխանատվությունը Հայաստանում մշտապես եղել է ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմությունների վրա, որոնք սակայն երբեք չեն վերցրել այդ պատասխանատվությունը: Ավելին, Հայաստանում հաղթանակից կարճ ժամանակ անց ձեւավորվեց քաղաքական մի սպասում կամ ենթագիտակցական «երազանք», որի բերումով տրենդային էր ընդդիմությունների կամ բացահայտ, կամ լատենտ սպասումը, որ ծանր որոշումները կմնան որեւէ իշխանության վրա: Հակառակ պարագայում անհասկանալի է ուժերի առավել լավ հարաբերակցության պայմաններում Արցախի հարցում Հայաստանից քաղաքական առանցքային որոշումների բացայակությունը, որի մասին այսօր ակնարկում են նույնիսկ Փարիզն ու Մոսկվան:
 
Այդ իմաստով, իրականացել է «հայկական քաղաքական դասի երազանքը»: Դավադիր պատերազմով, թե ոչ, արդեն էական չէ, որովհետեւ հայկական շահի եւ անվտանգության առումով «դավադրությունը» եղել է հայկական քաղաքական դասի, այսպես ասած քաղաքական ու տնտեսական էլիտաների մտածողության խորքում:
 
Մնացյալն արդեն եղել է տեխնիկայի հարց:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն