Արմեն Ամիրյանի քարտեզները. պետք է թիրախի իմաստավորված ընտրություն


Արմեն Ամիրյանի քարտեզները. պետք է թիրախի իմաստավորված ընտրություն

  • 12-12-2020 14:38:39   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի մշակույթի նախկին նախարար, հայտնի հաղորդավար, գործարար Արմեն Ամիրյանը գրառում է արել Ալիեւի հայտնի հայտարարության առնչությամբ՝ Սեւան, Զանգեզուր, Երեւան:
 
«Նայեք այս հնագույն քարտեզներին, Հայաստանն իր տեղում է, իսկ ադրբեջանի սաղմնային հետքն անգամ չի երեւում…
 
Արենի մեկ քարանձավում հայտնաբերված 5000-ամյա կոշիկը, գինու արտադրամասը, ջինսի կտորը վկայում են հայերի բարձր քաղաքակրթության մասին…», գրում է Արմեն Ամիրյանը եւ ասում, թե այդ քարտեզները փաթեթավորված ուղարկում է Ալիեւին:
 
Շատ իզուր: Արմեն Ամիրյանը գործադրում է իզուր եւ անիմաստ ջանք, եթե կարծում է, թե այդ քարտեզները ինչ որ բան պետք է անեն կամ ասեն Ալիեւին, կամ, եթե կարծում է, թե Ալիեւը հավատում է ինքն իրեն՝ Սեւանի կամ Զանգեզուրի այսպես կոչված «ադրբեջանական տարածք» լինելու հարցում:
 
Ալիեւը այդ հարցում փորձում է հավատացնել ադրբեջանցիներին, ադրբեջանական հանրությանը, ինչը նրա հայտարարությունների նպատակներից մեկն է: Նպատակներից մեկը, քանի որ այդ հայտարարությունները, որ հնչում են տարիներ ի վեր՝ այդ թվում Ամիրյանի մշակույթի նախարար աշխատած տարիներին, կամ հանրային ռադիոյի ղեկավար եղած տարիներին, բավականին տարբեր ու բազմազան են: Վերջին հաշվով, կխոսի Ալիեւն այդ մասին, թե ոչ, կամ Էրդողանը, դա չունի որեւէ նշանակություն: Հայկական պետականության որեւէ պատասխանատու, որեւէ մտավորական պարտավոր է համոզված լինել, որ խոսեն, թե չխոսեն, թուրքերը մշտապես ունենալու են Հայաստանի հանդեպ հավակնություն եւ իրագործելու են այն առաջին իսկ հնարավորության դեպքում:
 
Արմեն Ամիրյանին չարժե քարտեզներ ուղարկել Ալիեւին: Ալիեւը ստելու է այնքան, որքան կգտնի տարածություն: Նրա ստի տարածությունը պետք է փակել այլ տեղ, հետեւաբար այլ տեղեր պետք է ուղարկել քարտեզները:
 
Օրինակ, նույն Արմեն Ամիրյանը կարծես թե բնակվում է այլ տեղում՝ ԱՄՆ-ում: Համենայն դեպս, ինչպես գրել է մամուլը՝ ուղեկցելով լուսանկարներով, նա այնտեղ ունի պատկառելի անշարժ գույք, բիզնես նախագծեր: Արմեն Ամիրյանը քարտեզներն Ալիեւին ուղարկելու փոխարեն, թող ուղարկի ամերիկյան քաղաքական վերնախավին՝ նահանգայինից մինչեւ դաշնային, կամ տանի անձամբ, փորձի ԱՄՆ-ում հաստատուն կարծիք ձեւավորել ադրբեջանական եւ թուրքական ստի դեմ: Ավելին, փորձի անել դա անգամ հանրային շրջանակներում:
 
Այդ գործունեությունը կունենա իմաստ: Այլապես, իմաստ չունի Ալիեւին ուղակել քարտեզ, կամ առավել եւս գրառում անել այդ մասին համացանցում, հավաքելով հիացական հավանություններ:
 
Պետք է գործել, իսկ Արմեն Ամիրյանը կարծես թե այն անձանցից է, որն ունի որոշակի ռեսուրս ու նաեւ հավակնություններ՝ ադրբեջանական ստի տարածությունը միջազգային ասպարեզում արգելափակելու եւ այդ ստին հանրային-քաղաքական հակազդեցության միջավայր ձեւավորելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն