Հայաստանի բարդ դիլեման. նախկին վարչապետի փորձը


Հայաստանի բարդ դիլեման. նախկին վարչապետի փորձը

  • 15-12-2020 17:51:27   | Հայաստան  |  Վերլուծություն

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է արել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, արձանագրելով համընդհանուր ճգնաժամը: Ըստ նրա, կառավարությունը, որի գործունեության ժամանակ առաջացել է ճգնաժամը, սահմանափակում է դուրս գալու հնարավորությունը: Նա հույս է հայտնել, որ վարչապետն իր մեջ կգտնի հեռանալու համարձակություն:
 
Հայաստանում ստեղծվել է ներքաղաքական իրադրության այնպիսի տրամաբանություն, որտեղ մի կողմից ավելի բարձր են հնչում վարչապետի հրաժարականի կոչերը, մյուս կողմից այնպիսի շեշտադրությամբ, որոնք ավելի շուտ կարծես թե Նիկոլ Փաշինյանին ստիպում են մնալ, քան հեռանալ:
 
Կգտնի՞ Հայաստանում ընդդիմությունը ներքաղաքական իրադրության այլ տրամաբանություն թելադրելու իմաստնություն: Այդ հարցը ուղիղ կախված է այն հանգամանքից, թե ընդդիմությունը ներկայում որքանով է իրապես պատրաստակամ ստանձնել կառավարման պատասխանատվությունը օր առաջ: Այսինքն, որքանով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել սահմանագծումների գործընթացի, անհետ կորածների եւ չհաստատված գերիների խնդրի համար:
 
Ամբողջ հարցն այն է, որ ամեն ինչ Ռուսաստանի ձեռքում է: Ռուսաստանն էլ ունի իր շահերը եւ չի անի քայլեր, որոնք կարող են վտանգել իր շահն ու Ադրբեջանի, Թուրքիայի հետ իր հարաբերությունը: Մոսկվան բաց տեքստով ասում է, որ այդ հարաբերությունները շատ կարեւոր են իր համար:
 
Ներկայում Մոսկվայի համար Հայաստանի ներքաղաքական իրադրությունը գտնվում է ձեռնտու տրամաբանության մեջ, քանի որ ամեն ինչ արդարացվում է Փաշինյանի «չհեռանալով»: Մյուս կողմից, չհեռանալով, Փաշինյանն էլ ընդունում է ամեն ինչ իր վրա վերցնելու տրամաբանությունը: Հարց է առաջանում, դա անում է կամովի՞ն, թե ստիպված: Որովհետեւ եթե Փաշինյանը հանկարծ կայացնում է հեռանալու որոշում, առկա տրամաբանությունը փլուզվում է:
 
Իրավիճակը բավական ծանոթ է Կարեն Կարապետյանի համար, որը, եթե ունենար 2018 թվականի վարչապետի կարգավիճակի համար Սերժ Սարգսյանի հետ պայքարի որոշման համարձակություն, ապա կփլուզվեր Հայաստանը «կամ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ, կամ հեղափոխություն» տրամաբանության մեջ դնելու հաշվարկը:
 
Տրամաբանություն, որի ցանկացած ելքի պարագայում անխուսափելի պատերազմի պատասխանատվությունը մնալու էր Հայաստանի վրա: Կարեն Կարապետյանը չունեցավ վարչապետի պաշտոնի համար պայքարի համարձակություն եւ Հայաստանը կամ-կամ փակուղուց դուրս բերելու իմաստնություն:
 
Իրավիճակն անշուշտ հետ շրջել հնարավոր չէ, բայց տեղի ունեցածի գնահատումը կարեւոր է Հայաստանը փակուղուց վերջապես դուրս բերելու համար: Վարչապետի հեռանալու եւ նոր իշխանության ձեւավորման հարցի հանգուցալուծումն այդ փակուղուց դուրս է: Տրամաբանական փակուղում մնալու դեպքում էական չէ՝ Փաշինյանը կմնա, թե կգնա, Հայաստանը մնալու է խաղից դուրս:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն