Չպետք է անցնել սահմանն ու բոնուս շռայլել Բաքվին. վարչապետի վտանգավոր քայլը


Չպետք է անցնել սահմանն ու բոնուս շռայլել Բաքվին. վարչապետի վտանգավոր քայլը

  • 22-12-2020 15:25:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի սահմանների վերաբերյալ դեռեւս 2010 թվականին ընդունած օրենքները, որոնց օգտին քվեարկել էին ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ կուսակցությունները: Նրանց ընդունած օրենքների համաձայն Հայաստանի հանրապետության եւ Ադրբեջանի սահմանագիծը անցնում է այն տեղերով, որտեղ այժմ կանգնում են հայ եւ ադրբեջանցի սահմանապահները դեմ դիմաց: Նիկոլ Փաշինյանն այդպիսով ցույց է տալիս, որ սահմանազատումը՝ ինչի դեմ այսօր բողոքում են ՀՀԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ-ն, համապատասխանում է նրանց ընդունած օրենքին:
 
Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, թղթով Նիկոլ Փաշինյանի փաստարկի հետ ամեն ինչ գուցե կարգին է: Բայց, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, օրինակ, օրենքով ճանաչել էին նաեւ այն խորհրդարանը, որին Նիկոլ Փաշինյանը հանրության հետ միասին հեղափոխության օրենքով պարտադրեց այլ քաղաքական իրավիճակ եւ ձեւավորվեց այլ կառավարություն:
 
Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը չճանաչեց ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ գրած, ընդունած օրենքները, փոխեց քաղաքական իրավիճակը կամ հեղափոխեց քաղաքական իրավիճակը: Որովետեւ, օրենքի տեսանկյունից, նա փողոցներ փակելով փաստորեն խոչընդոտում էր քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունը, ինչպես օրինակ ներկայում իրավապահները մեկնաբանում են նույնն անելու ընդդիմության գործողությունները:
 
Բանն այն է, որ Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել ոչ թե ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ քվեարկած օրենքների համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատում մեկնաբանելու, այլ հակառակը՝ Հայաստանը առաջ տանելու համար: Թե ինչու է կառավարությունը 2010 թվականին ընդունել այդպիսի օրենքներ, այլ խոսակցության նյութ է:
 
Միեւնույն ժամանակ, հասկանալի է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է նախորդ շրջանի ոչ միայն չարածի, այլ նաեւ վատ արածի, հանցավոր արածի, սխալ արածի բեռը: Փաշինյանը գործադրել է այդ բեռը տանելու ջանք, բայց չի ստացվել, ինչպես խոստովանել է ինքը:
 
Ներկայում որոշվում է Հայաստանի սահմանը, իրականում դա որոշում են Ռուսաստանն ու Թուրքիան: Ելքն այստեղ պատասխանատվությունը միմյանց վրա դնելու պարզունակ փորձերը չեն: Ավելին, վտանգավոր փորձերը: Որովհետեւ, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հաշվարկից ելնելով սահմանազատման գործում բերում է Հայաստանի կառավարության ընդունած օրենքը, ապա առնվազն հարց է առաջանում՝ դա ավելի շատ դառնում է իր փաստարկն ընդդիմության քննադատության դե՞մ, թե փաստարկ է դառնում Ադրբեջանի ձեռքին:
 
Թե իշխանությունը, թե ընդդիմությունը պարտավոր են ներքաղաքական պայքարում չանցնել սահմանը, որից այն կողմ Բաքվին շնորհվում են հետպատերազմական առատ բոնուսներ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play