Հանրությունը կվճռի ամեն ինչ. Ռուսաստանը մաքրվում է


Հանրությունը կվճռի ամեն ինչ. Ռուսաստանը մաքրվում է

  • 22-12-2020 19:17:59   | Հայաստան  |  Վերլուծություն

«Ես իհարկե ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է և նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որևէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի», դեկտեմբերի 22-ին 17-ի ընդդիմության անհնազանդության ակցիաներին, դասադուլին եւ գործադուլին ընդառաջ գրառում էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նրա խոսքով, կառավարող նախկին «էլիտան» փորձում է ռեւանշի հասնել, սակայն ամեն ինչ կախված է ժողովրդի խոսքից:
 
Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, թե ինչպես է ապահովելու ժողովրդի խոսքի հնարավորությունը: Մյուս կողմից, նա նշում է, որ առայժմ անելիք կա Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման տեսանկյունից: Դա նշանակում է, որ Փաշինյանն առժամանակ չի անելու քայլեր, որոնք պետք է ապահովեն ժողովրդի խոսքի հնարավորությունը:
 
Դրան զուգահեռ, ընդդիմությունը շարունակում է անհնազանդության իր քայլերը: Դրանց 2018-յան տրամաբանությունը հստակ է, միեւնույն ժամանակ սակայն նշմարվում են որոշակի անտրամաբանական իրողություններ, օրինակ, երբ հարթակին հայտնվում են գործիչներ, որոնց ներկայությունն ինքնին չի ենթարկվում որեւէ ռացիոնալ տրամաբանության: Եթե ընդդիմությունը ուզում է հանրային աջակցություն, որեւէ կերպ հասկանալի չէ, թե ինչու է հարթակ տրամադրում նրանց:
 
Իհարկե դա միակը չէ հարթակի խնդիրներից, բայց բավական աղաղակող է: Մյուս կողմից, արդյոք դա 17-ի ձեւաչափում առկա խնդիրների արտացոլում է: Ի վերջո, ներկայում մեկ ընդհանուր նպատակի շուրջ խմբված ուժերը տարիներ ի վեր ունեցել են եւ թերեւս ունեն հիմնովին տարբեր նպատակներ:
 
Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը փորձ անել խաղալ այդ հանգամանքի վրա: Կարող է, առավել եւս, որ մեկ անգամ եղել է փորձը եւ բավական հաջող՝ 2018 թվականի ապրիլին: Հնարավո՞ր է երկրորդ անգամ:
 
Մի բանում Փաշինյանն իրավացի է, որ ամեն ինչ վճռելու է հանրության աջակցությունը: Բայց այն վճռելու է թերեւս ոչ ուղիղ: Դա իր ծրագրերում հաշվի է առնելու Ռուսաստանը, որը պատերազմի հետեւանքով ձեռք է բերել վճռորոշ ազդեցություն՝ առանց ներքին ու արտաքին տարբերակման:
 
Ռուսաստանը ինչպես խնդիր ունի հայ ժողովրդին ցույց տալ, որ ինքն «անմասն» է պարտությունից եւ դաշնակցի համար արել է ամեն ինչ, այդպես էլ հանրությանը խնդիր ունի ցույց տալ, որ «անմասն» է Հայաստանում ներքաղաքական պայքարից, որի ներկայիս բնույթն ու կառուցվածքը պարզապես իդեալական է: Դե, իսկ Պուտինը հրապարակավ աջակցել է Փաշինյանին, այդ թվում ՀԱՊԿ մակարդակով:
 
Գործնականում իհարկե ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիրներ է դնում Ռուսաստանը: Հայաստանում այժմ չկա ուժ, որն իր հերթին խնդիրներ դնի Ռուսաստանի առաջ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն