Իրանն ու Վրաստանը վախենու՞մ են ռուս-թուրքական օկուպացիայից․ Թուրքիայի զգուշացումը


Իրանն ու Վրաստանը վախենու՞մ են ռուս-թուրքական օկուպացիայից․ Թուրքիայի զգուշացումը

  • 03-02-2021 15:32:42   | Հայաստան  |  Վերլուծություն

«Կովկասում դիվանագիտական կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը չկիսողները հիմա այլ կերպ են խոսում», Անթալիայում Արդարություն և զարգացում կուսակցության կոնգրեսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
 
 
«Լեռնային Ղարաբաղը 30 տարի օկուպացված էր։ Մենք բազմիցս դիվանագիտական կարգավորում, համաձայնություն ենք առաջարկել։ Եղբայրական Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել արդար գործի համար, ազատագրել հողերն օկուպացիայից։ Հիմա խոսում են դիվանագիտության, քաղաքական կարգավորման մասին, մենք աջակցում ենք դրան։ Շարունակվում են երկկողմ, եռակողմ հանդիպումները 3+3 ձեւաչափով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, մենք վերահսկում ենք հրադադարի ռեժիմի պահպանումը», ասել է նա։
 
Թուրքիան, փաստորեն, հաստատում է, որ նրանք, ովքեր չեն կիսել Հայաստանի «կապիտուլյացիայի» մասին Թուրքիայի առաջարկը, հիմա ստիպված են ընդունել պատերազմի արդյունքները։ Թուրքիան նման դեպքերում կոշտ է գործում, ասում է Չավուշօղլուն։
 
Ու՞մ նկատի ունի Թուրքիան եւ ո՞վ համաձայն չէր նրա առաջարկներին։ Անկարան փաստորեն արձանագրում է, որ Մինսկի խումբ չկա, եւ տարածաշրջանում հարցերն ինքն է լուծում։
 
3+3 ձեւաչափը Իրանն է առաջարկել, եւ Թուրքիան համաձայնվել է քննարկել հարցերն այդ ձեւաչափով։ Դա նշանակու՞մ է, որ Իրանը ճանաչել է պատերազմի ու օկուպացիայի իրավաչափությունը որպես տարածաշրջանային հակամարտությունների լուծման միջոց։ Այդ միջոցը համընդհանուր կդառնա՞ տարածաշրջանում։
 
Որոշ փորձագետներ կարծում են, որ Իրանի արտգործնախարարի ակտիվությունը, որը զրոյական արդյունքով շրջագայություն է իրականացրել տարածաշրջանում, պայմանավորված է մտահոգություններով, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համագործակցությամբ իր հայացքը կհառի Իրանի հյուսիսի թյուրքալեզու նահանգներ։ 1941 թվականին այդ նահանգներն օկուպացվել էին ռուսական ու բրիտանական զորքերի կողմից, եւ Ստալինը չէր թաքցնում այդ տարածքների վրա խորհրդային մեծ Ադրբեջանի ստեղծելու մտադրությունները։ Ըստ երեւույթին, ներկայում նման ծրագրեր ունեն Պուտինն ու Էրդողանը։
 
«Քաղաքական հարցերը լուծելու» ռուս-թուրքական միջոցները պետք է անհանգստացնեն նաեւ Վրաստանին։ Սեպտեմբերի 29-ին, երբ Ադրբեջանն ահաբեկչական պատերազմ սկսեց Արցախի դեմ, Վրաստանում անսպասելի նոր քարտեզներ հայտնվեցին, որոնք «հաստատեցին» Դավիդ Գարեջի վանքի պատկանելությունը Վրաստանին։ Այդ մասին հայտարարվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի Թբիլիսի կատարած այցին։ Փորձագետները չեն բացառում, որ Բայրամովը «նոր քարտեզները ճանաչելու» պատրաստակամության դիմաց ստացել է Վրաստանի համաձայնությունը՝ արգելափակելու Հայաստան մատակարարումները, ինչն արվել է։
 
Պատերազմից անմիջապես հետո Բաքուն սկսեց ճանապարհ կառուցել դեպի Դավիթ Գարեջի վանք՝ չթաքցնելով ողջ տարածքի նկատմամբ իր հավակնությունը։ Ի պատասխան՝ Վրաստանի վարչապետ Գախարիան միայն կոչ արեց չքաղաքականացնել հարցը եւ այն հանգիստ լուծել, «առանց աղմուկի»։ Որովհետեւ Գախարիան գիտե, որ Վրաստանի հետ կարող է նույնը տեղի ունենալ, ինչ Ղարաբաղի հետ։ Եվ Թբիլիսին ինքը բացեց այդ ճանապարհն Ադրբեջանի համար։
 
Չավուշօղլուի խոսքը, սակայն, ուղղված է նաեւ Ռուսաստանին, որին թվում է, որ խաղաղապահներ է մտցրել Արցախի եւ հիմա արդեն ոչինչ չի կարող ստիպել իրեն հեռանալու այնտեղից։ Բայց Թուրքիայի ձեռքում էլ են շատ հաղթաթղթեր մնացել։ Անկարան արդեն բանակցում է ամերիկյան նոր վարչակազմի հետ Ռուսաստանից գնված С-400-երի հարցով։ Եթե Ռուսաստանն «իրեն լավ չպահի», Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գործարքից։
 
Իրանը, Վրաստանն ու Ռուսաստանը դեռ կափսոսան Թուրքիային տարածաշրջան թողնելու համար։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն