Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 161 մլն դրամ է<br /> հատկացվել «Մեգա Արարատ» ընկերությանը<br />


Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 161 մլն դրամ է
հատկացվել «Մեգա Արարատ» ընկերությանը

  • 05-02-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 5 տարի ժամկետով 161 մլն դրամ է (մոտ 527,8 հազ. ԱՄՆ դոլար) հատկացվել «Մեգա Արարատ» ՍՊԸ-ին: Ինչպես փետրվարի 5-ին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնեց Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային կենտրոնի տնօրեն Իշխան Կարապետյանը, ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը արժանացել է հավանության մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Ի.Կարապետյանը նշեց, որ ներդրումները օգտագործելվու են հիմնականում նոր սարքավորումներ ձեռք բերելու համար, ինչը հնարավորություն կտա ավելացնելու արտադրական հզորություններն: «Մեգա Արարատ»-ը ստեղծվել է 2005թ.-ին Վայոց ձորի մարզում: Ընկերությունը արտադրում է 6 տեսակի` ուրցի, ալոճի, դաղձի, մասուրի, սեւ եւ կանաչ, բուսական թեյեր: Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ավելի քան 50-ով ավելացնել աշխատատեղերը` ներկայիս 10-ի դիմաց, Վայոց եւ հարակից մարզերի 100-ից ավելի ընտանիքների ներգրավել խոտաբույսերի հավաքման գործընթացում: Բացի դրանից, նախատեսվում է արտադրանքի 90%-ն արտահանել` հիմնականում ռուսական, իսկ համապատասխան սերտիֆիկացման գործընթացներն անցնելուց հետո նաեւ եվրոպական շուկաներ: Նշվեց նաեւ, որ 2008թ.-ի դեկտեմբերին ընկերությունը փորձնական 5000 տուփ արտադրանք է արտահանել Ռուսաստան: Արդյունքում ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ, եւ ներկայումս ընթացքի մեջ է արտահանման ծավալներն ընդլայնելու համար պայմանագրերի կնքման գործընթացը: Ի.Կարապետյանը հայտնեց, որ օպերատիվ շտաբում քննարկվում են նաեւ այլ ընկերությունների ներդրումային առաջարկները: «Պետությունը այսպիսով փորձում է կարգավորել եւ բարելավել ձեռնարկությունների կառավարման համակարգը` ներդնելով նոր մշակույթ տվյալ բիզնես համար»,- ընդգծեց Ի.Կարապետյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play