Հունվարի 24-ից Հայաստանում կսկսի գործել ֆինանսական<br /> համակարգի հաշտարարի գրասենյակը<br />


Հունվարի 24-ից Հայաստանում կսկսի գործել ֆինանսական
համակարգի հաշտարարի գրասենյակը

  • 23-01-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 24-ից Հայաստանում իր գործունեությունն է սկսելու ԱՊՀ-ում առայժմ միակ` ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը: Ինչպես հունվարի 23-ի ասուլիսում նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, սա մեծ առաջընթաց է Հայաստանի համար, քանի այդպիսի գրասենյակներ գործում են հիմնականում զարգացած երկրներում: Նրա գնահատմամբ, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի ներդրումով կբարձրանա հասարակության վստահությունը հայաստանյան ֆինանսական համակարգի նկատմամբ: Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ստեղծման նպատակն է սպառողների բողոքների ընդունումը եւ քննումը, ինչպես նաեւ ֆինանսական ինստիտուտների եւ սպառողների միջեւ վեճերի լուծումը: Ա.Ջավադյանը նշեց, որ գրասենյակի ծառայությունները սպառողների համար լինելու են բացառապես անվճար: Սպառողները կարող են հաշտարարին իրենց դիմում-բողոքները ներկայացնել միայն տվյալ ֆինանսական ինստիտուտի հետ հաշտության գալու չհաջողված փորձից հետո: Հաշտարարի կայացրած որոշման հետ համաձայն չլինելու դեպքում սպառողներն այդ վճիռը կարող են բողոքարկել դատարանում, ինչը ֆինանսական ինստիտուտների համար թույլատրելի չէ. նրանք պարտավոր են ենթարկվել հաշտարարի կայացրած վճռին: Հաշտարարին կարող են դիմել միայն ֆիզիկական անձինք: Բողոքները պետք է լինեն 10 մլն դրամը (մոտ 33 հազ. ԱՄՆ դոլար) չգերազանցող գործարքների վերաբերյալ: Ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության ծախսերը իրականացվելու են բացառապես ֆինանսական կազմակերպությունների կողմից: Նշենք, որ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը, հաշտարար` Փիրուզա Սարգսյանը: Հոգաբարձուների խորհուրդն ունի 6 անդամ` ընտրված պետական եւ մասնավոր կառույցներից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play