Հայաստանում ամենախոշոր ներդրողներն են Ռուսաստանը,
Արգենտինան եւ Լիբանանը
11-12-2008 14:24:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի
հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում
կատարված 805 մլն 341,3 հազ. ԱՄՆ դոլար օտարերկյա ներդրումների
ընդհանուր ծավալում առաջատարը Ռուսաստանն է` 567 մլն 853,2 հազ.
ԱՄՆ դոլար ծավալով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
ցուցանիշը գերազանցում է 3,2 անգամ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արգենտինյան
ներդրումների ծավալն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 78
մլն 983,3 հազ դոլար` 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով
3,1 անգամ, իսկ Լիբանանի ներդրումները 2008թ.-ի
հունվար-սեպտեմբերին կազմել են 28 մլն 995,3 հազ. դոլար եւ նվազել
78,4%-ով:
Հայաստանի տնտեսության իրական հատվածում մյուս խոշոր
ներդրողներն են Կիպրոսը` 8 մլն 655,1 հազ. դոլար (նվազել է
31,8%-ով), Ֆրանսիան` 12 մլն 928,3 դոլար (նվազումը` 0,7%), ԱՄՆ-ը`
21 մլն 895,8 հազ. դոլար (աճել է 2,6%-ով), Գերմանիան` 23 մլն
707,6 հազ. դոլար (աճել է 16,2%-ով), Լյուքսեմբուրգը` 10 մլն 210
հազ. դոլար (աճը` 4,2 անգամ), Լիխտենշտեյնը` 24 մլն դոլար
(2007թ.-ի առաջին ինն ամիսներին այդ երկրից ներդրումներ չեն եղել),
Ավստրալիան` 6 մլն 649,7 հազ. դոլար (նվազումը` 63,9%), Մեծ
Բրիտանիան` 1 մլն 945,4 հազ. դոլար (նվազումը` 82,8%),
Նիդերլանդները` 2 մլն 621,3 հազ. դոլար (նվազումը` 64,2%),
Բելգիան` 2 մլն 608 հազ. դոլար (նվազումը` 12,7 անգամ):
Ռուսաստանի ներդրումները կապի ոլորտում կազմել են 150 մլն
587,5 հազ. դոլար, մետաղագործական արդյունաբերությունում` 23 մլն
385,3 հազ. դոլար, էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու
արտադրության ու բաշխման ոլորտում` 225 մլն 762,2 հազ. դոլար,
սպառողներին այլ տեսակի ծառայությունների մատուցման ոլորտում ` 18
մլն 409 հազ. դոլար, հանգստի կազմակերպման ոլորտում` 6 մլն 161,8
հազ. դոլար, անհատական ծառայությունների մատուցման ոլորտում` 3 մլն
637,7 հազ. դոլար, ցամաքային տրանսպորտի ոլորտում` 136 մլն 330
հազ. դոլար:
Հայաստանում Արգենտինայի կատարած ներդրումներից 48 մլն 698,1
հազ. դոլարը կատարվել է օդային տրանսպորտի, 8 մլն 611,5 հազ.
դոլարը` օժանդակ եւ լրացուցիչ տրանսպորտային գործունեության, 21
մլն 673,7 հազ. դոլարը` գյուղատնտեսության ոլորտներում:
Լիբանանի ներդրումներից 28 մլն 659,6 հազ. դոլարը կատարվել է
կապի ոլորտում: Կիպրոսը 8 մլն 526,8 հազ. դոլարի ներդրում է
կատարել հանքագործական արդյունաբերությունում: Ֆրանսիական
ներդրումներն ամբողջությամբ ուղղվել են սննդամթերքի, ներառյալ`
խմիչքների, արտադրության ոլորտ:
ԱՄՆ-ի ներդրումներից 10 մլն 577 հազ. դոլարն ուղղվել է
հաշվողական տեխնիկայի հետ կապված գործունեության, 3 մլն 789,9 հազ.
դոլարը` հետազոտությունների եւ մշակումների, 3 մլն 763,4
հազ.դոլարը` հյուրանոցների եւ ռեստորանների կողմից
ծառայությունների մատուցման ոլորտներ, 3 մլն 183,9 հազ. դոլարը`
սպառողներին այլ տեսակի ծառայությունների մատուցման ոլորտ:
Գերմանիայի կատարած ներդրումներն ամբողջությամբ ուղղվել են
Հայաստանի հանքագործական արդյունաբերություն, իսկ ավստրալական
ներդրումները` մետաղի հանքաքարի արդյունահանման ոլորտ:
Լյուքսեմբուրգի կատարած ներդրումներն ամբողջությամբ ուղղվել են
սննդամթերքի, ներառյալ` խմիչքների, արտադրության ոլորտ, իսկ
Լիխտեյնշտեյնի ներդրումները` մետաղագործական արդյունաբերություն:
2008թ.-ի հունվար-սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի ներդումների
908,6 հազ. դոլարը կատարվել է հրատարակչական եւ պոլիգրաֆիական
գործունեության, գրանցված տեղեկատվությամբ կրիչների բազմացման
ոլորտում, 767 հազ. դոլարը` ռետինե եւ առաձգազանգվածե
արտադրատեսակների արտադրության ոլորտում, Նիդերլանդների
ներդրումներն ամբողջությամբ կատարվել են սպառողներին այլ տեսակի
ծառայությունների մատուցման ոլորտում, իսկ Բելգիայի ներդրումները`
կահույքի եւ այլ խմբավորումների մեջ չներառված արտադրատեսակների
արտադրության ոլորտում: