Ալեքսեյ Միլլեր. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ<br /> համագործակցությունն ունի երկարատեւ եւ փոխշահավետ բնույթ<br />


Ալեքսեյ Միլլեր. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ
համագործակցությունն ունի երկարատեւ եւ փոխշահավետ բնույթ

  • 01-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական համագործակցության բարձր մակարդակի հիման վրա էներգետիկայի բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցությունն ունի երկարաժամկետ եւ փոխշահավետ բնույթ,- Արարատ քաղաքի մերձակայքում «Քաջարան-Արարատ» մայրուղային գազատարի գծային հատվածի շինարարության ավարտին նվիրված դեկտեմբերի 1-ի հանդիսավոր արարողությանը նշեց ռուսաստանյան «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գազատարի գծային աշխատանքները լրիվ ավարտվել են, մի քանի օրից կսկսվեն փորձարկման աշխատանքները, այդպիսով գազատարը կհանձնվի շահագործման: «Գազը մենք կարող ենք բերել այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը մենք կունենանք»,- ասաց նախարարը, ավելացնելով, որ խողովակաշարի կառուցումը հնարավորություն կտա Հայաստան բերել տարեկան մինչեւ 2,3 -2,5 մլրդ խոր մ գազ, որը ֆորսմաժորային իրավիճակում կապահովի ամբողջ հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Նա նշեց նաեւ, որ երբ իրանական գազի առաքման համաձայնություն լինի Իրանի եւ այլ երկրների միջեւ, Հայաստանը տարանցման վերաբերյալ համապատասխան որոշում կկայացնի` ելնելով երկրի քաղաքական, տնտեսական շահավետվությունից: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերաբերյալ նախարարը նշեց, որ բլոկում աշխատանքները շարունակվում են, արդեն սկսված են զուտ մոնտաժային կարգաբերման աշխատանքները եւ 8 ամիս կամ մոտ մեկ տարի հետո նաեւ այն կհանձնվի շահագործման, դրանով Հայաստանը կունենա շուրջ 430-450 ՄՎտ հզորությամբ ժամանակակից տնտեսագիտական պահանջներին համապատասխանող կառույց, որը հնարավորություն կտա ապահովել ներքին անվտանգությունը եւ ամբողջովին օգտագործել արտահանման հնարավորությունները: Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ նախապատրաստվում են կառույցի ծրագրի ղեկավարի մրցույթի փաստաթղթերը, որոնք կներկայացվեն կառավարություն: Եթե վերջինս համապատասխան որոշում կայացնի, կհայտարարվի մրցույթը: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գազատարի նախագծի պատրաստման փուլում ոչ ոք չէր հավատում, որ այն կիրագործվի` ռելիեֆային բարդ տեղանքի պատճառով, սակայն այն իրագործվեց: «Հուսով ենք, որ սա կնպաստի, որ է'լ ավելի ջերմանա Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը»,- ասաց դեսպանը, ավելացնելով, որ մինչ հաջորդ ամսվա վերջը իրանական կողմը պատրաստ կլինի գազ արտահանել Հայաստան: «Մենք ուզում ենք, որ այս տարվա ձմռանը Հայաստանի ժողովրդի տներում տեղադրված վառարանները վառվեն իրանական գազից»,- ասաց իրանցի դիվանագետը: Սկզբի համար Իրանը պատրաստ է տարեկան մոտ 1 մլրդ խորանարդ մ գազ արտահանել, իրանական գազի 1 խորանարդ մետրի դիմաց որպես վճարում պետք է Իրան մատակարարվի 3 կվտ /ժամ էլեկտրաէներգիա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play