Արցախի օկուպացված տարածքների բնակիչները չեն կարողանում այցելել hարազատների գերեզմաններ․ Արցախի ՄԻՊ
15-12-2021 16:18:21 | Արցախ (ԼՂՀ) | Մեկնաբանություն
Թաղավարդ համայնքի բնակիչներն անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնել են համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ-ը գրել է, որ գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որում այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները:
«Մարդիկ իրավունք ունեն իրենց հարազատների հիշատակը հարգելու՝ այդ թվում նաև նրանց գերեզմաններին այցելելու հնարավորություն ունենալով։ Սակայն ադրբեջանական կողմը որևէ ըմբռնում չի դրսևորում և այդպիսի հնարավորություն չի ընձեռում համայնքի բնակիչներին:
Հումանիտար բնույթ կրող այս հարցի վրա եմ ուզում հրավիրել պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը։
Ընդ որում, այս կարևորագույն հարցը հավասարապես վերաբերում և մտահոգում է ոչ միայն Թաղավարդի բնակիչներին, այլև Արցախի օկուպացված տարածքների բոլոր բնակիչներին»,- գրել է Ստեփանյանը: