2022-ի առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ի վճարած հարկեը կազմել են պետական բյուջեի ընդհանուր հարկային մուտքերի ավելի քան 10%-ը


2022-ի առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ի վճարած հարկեը կազմել են պետական բյուջեի ընդհանուր հարկային մուտքերի ավելի քան 10%-ը

  • 27-07-2022 16:36:56   | Հայաստան  |  Հարցազրույցներ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ)-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով արձանագրել է 104 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Ընկերության հաղորդագրության մեջ սա ներկայացված էր որպես աննախադեպ ցուցանիշ։ 
 
Թե ինչո՞ ւմն է այդ  աննախադեպությունը, https://ejc.am/ -ը փորձել է մեկնաբանություն ստանալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանից։ 
 
-Հաշվետու ժամանակահատվածում, այսինքն 2022թ. առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ն ունեցել է Հայաստանի պատմության մեջ մեկ ընկերության կողմից երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը՝ հարկային մուտքերի մասով։ Առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ի վճարած  հարկեը կազմել են պետական բյուջեի ընդհանուր հարկային մուտքերի ավելի քան 10%-ը։ Սա, իսկապես, աննախադեպ ցուցանիշ է և ի ցույց է դնում ԶՊՄԿ-ի դերը Հայաստանի տնտեսության համար։ 
 
-Ինչո՞վ է պայմանավորված նման ցուցանիշի գրանցումը:  
 
-Կարծում եմ, գործոնները տարբեր են։ Թեև դեր է խաղացել նաև հարկային բեռի բարձրացումը՝ արտահանման հարկման ռեժիմը, որն ուժի մեջ է մինչև տարեվերջ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ առաջին կիսամյակի ցուցանիշը գերազանցել է նույնիսկ ԶՊՄԿ տարեկան գրանցած ցուցանիշները։ Սա նշանակում է, որ գրանցված ցուցանիշը աննախադեպ է՝ անկախ հարկային ռեժիմից։ Կարծում եմ՝ սա ողջ թիմի, ԶՊՄԿ անձնակազմի արդյունավետ աշխատանքի արդյունքն է։ Ընդհանրապես, ԶՊՄԿ- ի և Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի անդամ մյուս ընկերությունների աշխատանքի արդյունավետության բարձրացումը թիմի առջև դրված առաջնային խնդիրներից է։ Հատկանշական է, որ այս տարի խմբի մեկ այլ ընկերություն, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին անգամ բարձրացել է հարկատուների ցանկի 7-րդ հորիզոնական։ 
 
-Բացի հարկային մուտքերից, ի՞նչ այլ դրսևորում ունի Ձեր նկարագրած արդյունավետության բարձրացումը։  
 
-Ես կարծում եմ դեռ վաղ է արդյունքների մասին խոսել, ես, համենայնդեպս չեմ շտապում ամփոփել, քանի որ խոսում ենք երկրի ամենախոշոր հիմնարկի մասին, և հապշտապ որոշումներ, արագ լուծումներ չպետք է կիրառվեն, բայց այս պահին կարող ենք արձանագրել, որ առաջին կիսամյակի արձանագրած արտադրական ծավալների տեմպը պահպանելու դեպքում կգրանցենք տարեկան մոտ 20-25% ավելի արդյունահանման ծավալ նախորդ տարվա համեմատ՝ բացառապես մեր լիցենզիայի շրջանակներում և բացառապես արդյունավետության բարձրացման շնորհիվ։ Խնդիրները շատ են, բայց դրանք ճիշտ գնահատման և առավել էֆեկտիվ լուծումների կարիք ունեն։ Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը ընդամենը ինն ամիս է, որ ստանձնել է ԶՊՄԿ կառավարումը և ես կարող եմ ասել, որ այս պահին գրանցված արդյունքները գոհացնում են, բայց անելիքներ  դեռ շատ կան։
 
-Այդ թվում՝ բնապահպանակա՞ն խնդիրները, դրանց լուծում տեսնում ե՞ք։ 
 
-Վստահեցնում եմ, որ բնապահպանական խնդիրները մեր առաջնահերությունն են։ Մենք այժմ գտնվում ենք խնդիրների գնահատման փուլում, եւ դրանք շատ են։ Շատ բան արվում է հընթացս, մենք ներգրավել ենք հայաստանյան եւ արտերկրի մի շարք բարձրակարգ մասնագետների, ընկերության բնապահպանների թիմը նույնպես պորֆեսիոնալ  է։ Սակայն, խնդիրները պետք է ճիշտ ձեւակերպվեն։ Տարիներով կուտակված խնդիրների լուծման համար անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ, զգալի միջոցառումներ եւ տեխնիկական վերազինում։ Այս ամենի իրականացման և   փոփոխությունների արդյունքների  համար ժամանակ է պետք։ 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play