Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ


Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ

  • 09-09-2022 12:45:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։
 
Ուղերձում ասված է.  
 
«Ձերդ գերազանցություն,
 
ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից խորին ցավակցություններ եմ հղում Ձեզ, Միացյալ Թագավորության կառավարությանը, թագավորական ընտանիքին և բարեկամ բրիտանացի ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։
 
Թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն բրիտանացիների, Ազգերի համագործակցության ժողովուրդների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար։
 
Իր 70-ամյա ղեկավարման երկար և փորձություններով լի տարիներին Նորին Մեծությունն իր իմաստությամբ, խոհեմությամբ և բարեսիրությամբ անգնահատելի ավանդ ու ներդրում է ունեցել Միացյալ Թագավորության զարգացման գործում, ինչպես նաև անջնջելի հետք թողել համաշխարհային պատմության մեջ։
 
Պատմության  արհավիրքներն անգամ  չեն կարողացել  խաթարել Եղիսաբեթ Երկրորդի անկոտրում կամքը։ Նրա լուսավոր կերպարը մշտապես խորհրդանշել է ուժեղ պետական գործչի, միևնույն ժամանակ՝ մայրության, կանացիության, ավանդույթների ներդաշնակ միահյուսումը։
 
 
 
Պատմության գրեթե մի ողջ դարաշրջան մարմնավորող թագուհին վառ կմնա մեր բոլորի հուշերում։
 
Այս դժվար պահին հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ միասին և կիսում նրա ցավն ու կսկիծը»։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն