ՀՅԴ օրենսդրական նախաձեռնության քվեարկությունը հետաձգվեց


ՀՅԴ օրենսդրական նախաձեռնության քվեարկությունը հետաձգվեց

  • 13-04-2011 15:23:20   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 13-ին Ազգային ժողովն ընդունեց նախօրեին քննարկված բոլոր օրինագծերը, բացառությամբ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՅԴ խմբակցության հեղինակած օրինագծի: Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի առաջարկով վերջինի քվեարկությունը հետաձգվեց 15 օրով: «Մենք այս ընթացքում կապացուցենք, որ փող կա»,-հակադարձելով ընդդիմախոսների փաստարկներին` խոստացավ նա: Քվեարկությունը հետաձգելու առաջարկին նախորդել էին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հայտարարությունները: Մասնավորապես, Գ.Սահակյանը հայտարարեց, որ այս պահին օրինագծի ընդունումը իրատեսական չեն համարում, ուստի, խորհրդակցելով կոալիցիոն գործընկերների հետ, որոշել են քվեարկությանը չմասնակցել: Գլխադասային հանձնաժողովի եւ կառավարության բացասական եզրակացություններին արժանացած օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է օրենքի հավելվածով սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որոնք, ըստ հեղինակների, հիմնված են մի շարք դիտարկումների եւ միջազգային փորձի ուսումնասիրության վրա:
Նոյյան տապան  -   Հասարակություն