Գյումրիում կառապանի կողմից ձիու նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ


Գյումրիում կառապանի կողմից ձիու նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

  • 08-11-2022 18:22:53   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Գյումրիում կառապանի կողմից ձիու նկատմամբ դաժան վերաբերմունքի և կենդանուն շահագործելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
«Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։
 
Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար
 
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ համացանցում օգտատերերը զայրացած գրառումներ են կատարում՝ կոչ անելով բոյկոտել և չօգտվել Գյումրու ֆայտոններից մեկից: Նրանք մեղադրանքներ են հնչեցնում նաև՝ ուղղված մարզային ու տեղական իշխանություններին:
 
Բանն այն է, որ Գյումրիում օրեր առաջ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի հյուրերն ականատես են եղել տեսարանի, որտեղ արնահոսող վերքով ու ոտքերի վրա դժվարությամբ կանգնող սպիտակ ձին ենթարկվում է շահագործման, այլ կերպ ասած՝ վերջինիս ամրացված է սպիտակ ֆայտոն, որի տերը դրա միջոցով գումար է աշխատում՝ մարդկանց պտտելով քաղաքով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն