Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գները եռակի աճել են


Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գները եռակի աճել են

  • 08-11-2022 21:05:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գները եռակի աճել են՝ պայմանավորված Ռուսաստանից դեպի Հայաստան երկրորդ մեծ հոսքով։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Թիվ մեկ անշարժ գույքի գործակալության տնօրեն Սառա Հակոբյանը՝ նշելով, որ մարտ ամսին տեղի ունեցած ներհոսքի պայմաններում վարձակալության գներն աճել էին կրկնակի, իսկ վերջին հոսքի պայմաններում աճը եռակի է։ «Արձանագրվեց վարձով բնակարանների լիկվիդացիա, նույնիսկ մարզերում՝ զբոսաշրջային կամ Երևանին մոտ գտնվող քաղաքներում գները հավասարվեցին Երևանի գներին և շարունակում են բարձր մնալ»,- ասաց Սառա Հակոբյանը։
 
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Երևանում և մարզերում անշարժ գույքի առքուվաճառքի գները նույնպես այս տարվա երրորդ եռամսյակում աճել են և նախորդ տարվա, և այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները հետևյալն են․
 
Երևանի Կենտրոն վարչական շրջանում այս տարվա սեպտեմբերին բնակարանների մեկ քմ շուկայական միջին գինը կազմել է 750 000 դրամ՝ նախորդ տարվա սեպտեմբերի 650 100 դրամի փոխարեն։ Արաբկիր վարչական շրջանում այս տարվա սեպտեմբերին միջին շուկայական գինը կազմել է 534 500 դրամ՝ նախորդ տարվա սեպտեմբերի 470 200 դրամի փոխարեն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 388 600 դրամ՝ նախորդ տարվա սեպտեմբերի 335 500 դրամի փոխարեն, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 393 500 դրամ՝ նախորդ տարվա սեպտեմբերի 330 000 դրամի փոխարեն, Աջափնյակ վարչական շրջանում՝ 360 500 դրամ՝ նախորդ տարվա սեպտեմբերի 320 100-ի փոխարեն։ Մազերում ևս բնակարանների գներն աճել են։
 
Այս տարվա երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատ նույնպես Երևանում ու մարզերում անշարժ գույքի գների աճ է գրանցվել։ Երրորդ եռամսյակում Կենտրոն վարչական շրջանում մեկ քմ բնակարանի շուկայական միջին գինը կազմել է 745 900 դրամ, իսկ երկրորդ եռամսյակում այն կազմել էր 737 900 դրամ։ Արաբկիր վարչական շրջանում երրորդ եռամսյակում գինը կազմել է 530 500 դրամ, երրորդ եռամսյակում՝ 522 000 դրամ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ երրորդ եռամսյակում 391 100 դրամ՝ երկրորդ եռամսյակի 380 200 դրամի փոխարեն։
 
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքներն այս տարվա երրորդ եռամսյակում առաջին ու երկրորդ եռամսյակների համեմատ նվազել են։ Եթե երրորդ եռամսյակում գրանցվել է առքուվաճառքի 12 715 գործարք, ապա երկրորդ եռամսյակում այդ թիվը կազմում էր 15 093, իսկ առաջին եռամսյակում՝ 14 967։ Օտարերկրյա քաղաքացիների կողմից երրորդ եռամսյակում Հայաստանում գնվել է 522 անշարժ գույք, որից 309-ը՝ ՌԴ քաղաքացիների կողմից, 68-ը՝ ԱՄՆ քաղաքացիների կողմից։
 
Սառա Հակոբյանի խոսքով՝ անշարժ գույքի վաճառքի գները Հայաստանում շարունակում են կայուն բարձր մնալ։ «Վաճառքի գները ստաբիլ բարձր են, արհեստական չեն բարձրացել։ Բնականաբար, վերջին շրջանում մի փոքր բարձրացել է, քանի որ վարձակալության գներն աճել են։ Բայց բարձր գներով անշարժ գույքի վաճառքի պահանջարկը կա, դրա համար էլ գները որոշում են սեփականատերերը»,- ասաց նա։ Սառա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում անշարժ գույք գնող օտարազգիների թիվը մեծ չէ։ «Հայերի շրջանում գնորդներ շատ կան, իսկ կոնկրետ Հայաստանի քաղաքացիություն չունեցող օտարերկրացիների կողմից գնումներ կան, բայց քիչ»,- հավելեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play