Ալիևը հերքում է ռազմական ագրեսիայի մեղադրանքները


Ալիևը հերքում է ռազմական ագրեսիայի մեղադրանքները

  • 11-11-2022 13:55:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կտրականապես հերքել է ռազմական ագրեսիայի մեջ Բաքվին ուղղված Երևանի մեղադրանքները։
 
«Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին։ Վերջին նման սադրանքը կատարվել է այս տարվա սեպտեմբերին, և Ադրբեջանի զինված ուժերը ստիպված են եղել հակահարձակողական գործողություն սկսել՝ կանխելու Հայաստանի լայնածավալ ռազմական սադրանքը», - այսօր հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Սամարղանդում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում։
 
«Հայաստանը միջազգային հանրությանը մոլորեցնելու համար փորձում է Ադրբեջանին անհիմն մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք նման անհիմն մեղադրանքները։ Մենք կռվել ենք մեր հողի վրա և, հաղթելով հայկական բանակին, նրան դուրս ենք արել մեր պատմական հողերից», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե սահմանին ադրբեջանական զինված ուժերը «ներկայումս դիրքեր են գրավում իրենց հայրենի հողում»։
 
Միաժամանակ, Ալիևը հիշեցրել է, որ Պրահայում և Սոչիում հանդիպումների ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություններով ճանաչել են երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Այսպիսով, ղարաբաղյան հակամարտությունը մնացել է պատմության մեջ», - ասել է Ադրբեջանի նախագահը։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play