Հասկանում ենք՝ Ադրբեջանն ու Եվրոպան ունեն նավթագազային շահեր, բայց պետք է հարգել մեր գոյության իրավունքը. Հարությունյան


Հասկանում ենք՝ Ադրբեջանն ու Եվրոպան ունեն նավթագազային շահեր, բայց պետք է հարգել մեր գոյության իրավունքը. Հարությունյան

  • 08-12-2022 11:35:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի գրասենյակից։
 
«Հարությունյանը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցի նպատակները, նշել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար և հաճախակի դարձած ագրեսիվ վարքի դրսևորումները, հետևողական կերպով հումանիտար խնդիրների ստեղծումը, թվարկել այն սպառնալիքները, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի գոյության համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Ֆրանսիայի միջոցով նա ցանկանում է ուղերձ հղել եվրոպական բոլոր պետություններին, որ միջոցներ ձեռնարկեն կանխելու Ադրբեջանի վերոնշյալ սանձարձակ պահվածքը, որին աներկբա սատարում է Թուրքիան:
 
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, սակայն մեր հորդորն է հարգել մեր ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքները և առկա գործիքակազմերով թույլ չտալ Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական քաղաքականության իրականացումը: Այս իմաստով տեղին է նշել նաև վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարած հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումները»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
 
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է լրագրողների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև առանձին հարցազրույց է տվել «Ֆրանս պրես» պետական լրատվական գործակալությանը և հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին»,- ասվում է հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play