Միկլոշ Հարաշտին քննադատել է Ռուսաստանին Պոլիտկովսկայայի<br /> սպանության գործով դատավճռի համար<br />


Միկլոշ Հարաշտին քննադատել է Ռուսաստանին Պոլիտկովսկայայի
սպանության գործով դատավճռի համար

  • 20-02-2009 15:37:00   | Ավստրիա  |  Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին քննադատել է լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով ռուսական դատարանի վճիռը եւ Ռուսաստանին մեղադրել լրագրողների անվտանգությունն ապահովելու անկարողության մեջ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Պոլիտկովսկայայի գործով դատավճիռը ավարտին է հասցնում քննադատաբար տրամադրված լրագրողների անվտանգությունն ապահովելու ռուսական իշխանությունների անկարողության երկար պատմությունը»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ դա նշանակում է «մարդասպանների գործնական անպատժելիություն» եւ արդարացնում «ֆիզիկական բռնությունը նրանց նկատմամբ, ովքեր զբաղվում են կոռուպցիայի եւ մարդու իրավունքների հարցերով»: «Մամուլի իսկական ազատություն չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ հայտնի լրագրողները ողջ երկրով մեկ երկյուղում են իրենց աշխատանքի համար սպանված լինելուց»,- նշել է Հարաշտին: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործի բոլոր ամբաստանյալները դատարանի կողմից ազատ են արձակվել:
Նոյյան տապան  -   Միջազգային