«Անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ անհաջող հարձակում է կատարվել Սպահանում պաշտպանության նախարարության արտադրամասերից մեկի վրա: Մեկ անօդաչու խոցվել է ՀՕՊ-ի կրակից, իսկ երկուսն ընկել են շենքի տանիքին: Բարեբախտաբար, զոհեր չկան: Չնչին վնաս է հասցվել արտադրամասի տանիքին, սարքավորումներն անձեռնմխելի են մնացել»,- մասնավորապես՝ նշված է Իրանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ: Հարկ է նշել, որ իրանական Ատրպատականի Շահիդ Սալինի շրջանի Ազարշահր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել շարժիչների յուղի արտադրության ձեռնարկությունում: Այրվել են վառելիքի մի քանի պահեստարաններ: Այս հարձակումից առաջ «ահաբեկչական հարձակում» էր կատարվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Իրանի իշխանությունները ձերբակալել են հարձակվողին եւ հանդես եկել հայտարարությամբ, որ «ահաբեկիչը» գործել է ընտանեկան պատճառներով:
Սակայն ադրբեջանական կողմը չափազանց սուր արձագանքեց տեղի ունեցածին՝ օգտագործելով այնպիսի հտետորաբանություն, որը բնորոշ չէ նման իրավիճակներին: Այս փաստն արդեն իսկ ստիպում է ենթադրել, որ այստեղ ամեն բան այնքան էլ պարզ չէ: Ադրբեջանը նաեւ իր դեսպանատան աշխատակիցներին է տարհանել Իրանից, ինչը կասկածներ է առաջացնում, որ առնվազն տեղյակ էր այն ամենին, ինչ հետո պիտի տեղի ունենար: Ավելի ուշ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է օգտագործել միջազգային համապատասխան մեխանիզմները դիվանագիտական առաքելության դեմ իրականացված ահաբեկչության հետաքննության համար: Նա նշել է. «Իրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի դադարեցման մասին որոշումը չի ներառում Թավրիզի գլխավոր հյուպատոսության աշխատանքը:
Իրանական կողմի պնդումը, որ հարձակումը կատարվել է ընտանեկան պատճառներով, աբսուրդ է: Որպես երկիր՝ Իրանը պատասխանատվություն է կրում այդ ահաբեկչական ակտի եւ նրա ծանր հետեւանքների համար»: Սա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, չի վստահում իրանական կողմին Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ապահովման գործում:
Փաստորեն, այդ բացառիկ «ահաբեկիչը» հրաշալի ժամանակ էր ընտրել, որպեսզի դեսպանության աշխատակիցներին հնարավորություն տա տարհանվել մինչեւ Իրանի վրա հարձակումը, որը լիովին համապատասխանում է կեղծ Ադրբեջանի կեղծ շահերին՝ կապված Ատրպատականին ներկայացվող կեղծ պահանջների հետ: Բաքուն նաեւ չի դադարեցնում Ատրպատականում իր հյուպատոսության աշխատանքը, բայց «ահաբեկչի» շնորհիվ թաքցնում է իր մասնակցության չափը՝ հանդես գալով մեղադրյալի դիրքերից: Համաշխարհային լրատվամիջոցներում կարծիքներ հնչեցին, որ հարձակվել են ԱՄՆ-ն ու «եւս մեկ երկիր»: Շեշտվեց, որ, իբր, Վաշինգտոնը փորձում է ուկրաինական սցենարը զարգացնել «ոչ միայն Եվրոպայում, այլեւ մնացյալ ողջ աշխարհում»՝ մնալով կայունության միակ կղզին մոլորակի վրա, միակ երկիրը, որն ուղղակիորեն չի մասնակցում գլոբալ ուժային դիմակայությանը: Մեկնաբանելով Իրանի վրա կատարված հարձակումը՝ ամերիկյան ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն հարվածների հասցման հետ ոչ մի կապ չունի»: Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը շեշտել է. «Միացյալ Նահանգներն իրանական տարածքի օբյեկտներին հասցված հարվածների մասնակից չէ»: Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը կատարյան իր գործընկերոջ հետ թեհրանյան հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում իրանական տարածքին հասցված հարվածներն անվանել է «վախկոտ քայլ նրանց կողմից, ովքեր նույնիսկ քաջություն չունեն՝ խոստովանելու իրենց արածը»:
«Նպատակն Իրանում խուճապ առաջացնելն էր: Ես ուզում եմ ասել, որ այդ առումով նրանք իրենց նպատակին չհասան: Նաեւ կավելացնեմ, որ այդ գրոհները հաստատ մեզ չեն ստիպի հրաժարվել միջուկային ծրագրի զարգացումից՝ կապված մեր երկրի պաշտպանության հետ»,- ասել է նա: Կասկածների տակ է հայտնվել նաեւ Իսրայելը, որը սովորաբար չի մեկնաբանում Իրանի դեմ իր հարձակումները: Արաբական «Al Arabiya»-ն գրել է, որ Իսրայելը ռազմական հատուկ գործողություն է սկսել Իրանի դեմ:
Շատ ԶԼՄ-ներ են խոսել այդ մասին՝ ընդգծելով, որ Իսրայելը հարվածներ է հասցրել նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին, հատուկ ծառայության ուժերի «Քուդս» բազային: Վերլուծաբաններից շատերը համոզված են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ում նրա ընդդիմադիրներն անվանում են «Պուտինի եւ Էրդողանի պես բռնակալ», նման քայլ է կատարել երկրում ծայր առած անկարգություններին վերջ դնելու նպատակով: Ստեղծված իրավիճակում Իրանին հասցված հարվածը, ըստ փորձագետների, պետք է լինի այն իրադարձությունը, որն իր շուրջ կհամախմբի ազգին, իսկ նրան համախմբել կարող է միայն արտաքին թշնամու գործոնը:
Հակառակ դեպքում «սառը քաղաքացիական պատերազմը», ինչպես անկարգությունները բնութագրում են Իսրայելում, մասերի կբաժանի երկիրը: Ակնհայտ է նաեւ, որ «իսրայելական հետքի բացահայտման» ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են կատարում ռուսաստանյան վերլուծական, փորձագիտական ու քարոզչական շրջանակները: Իսկ «Al Hadath» հեռուստաալիքը, հենվելով իր աղբյուրների վրա, նշել է, որ հարձակման հետեւում կանգնած է ոչ թե Իսրայելը, այլ հենց «ԱՄՆ-ն ու եւս մի երկիր», իսկ հարվածի նպատակը բալիստիկ հրթիռների պահեստի ոչնչացումն է եղել: Չպետք է մոռանալ, որ Թուրքիան տարածաշրջանում ներկայացնում է Հյուսիսատլանտյան դաշինքը, իսկ առաջիկա ընտրությունների ֆոնին վերջերս Վաշինգտոն էր մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն եւ հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Չպետք է մոռանալ նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի ու Իսրայելի հատուկ հարաբերությունների մասին: «ՀՀ»-ի հաջորդ համարում ավելի մանրամասն կանդրադառնանք թուրք-ադրբեջանա-իսրայելական հետքի հնարավորության հարցին՝ փորձելով հասկանալ նրանց դերն ու Հայաստանին սպառնացող մարտահրավերները:
Իշխան Քիշմիրյան