Փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարը նախատեսվում է ուժեղացնել


Փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարը նախատեսվում է ուժեղացնել

  • 09-02-2023 20:46:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փողոցային առևտրի դեմ պայքարը ուժեղացնել: 
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
 
Փաթեթը նպատակ ունի կանոնակարգելու Առևտրի և ծառայությունների մասին օրենքի իրավական կարգավորումներից բխող սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, նաև գյուղատնտեսական ապրանքների վաճառքը չսահմանված վայրերում և չսահմանված գործընթացներով իրականացնելու խնդիրները:
 
«Մեր ամենօրյա կյանքում ականատես ենք լինում, որ հատկապես Երևանում, միջին քաղաքային համայնքներում, ինչու ոչ՝ նաև գյուղական համայնքներում հաճախ սննդամթերքը և այլ ապրանքներ վաճառվում են բացօթյա՝ առևտրի համար չնախատեսված վայրերում՝ խախտելով օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով ամրագրված պահանջները: ՏԻՄ մարմիններին տրամադրված այսօրվա վարչական գործիքակազմը բավարար արդյունավետ չէ: Եվ մենք առաջարկում ենք այս գործիքակազմի հետ միասին ներառել նաև նոր լրացուցիչ գործիքակազմ, այն է, որ այդ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների նկատմամբ թույլատրվի նաև բռնագրավում, որովհետև հակառակ դեպքում միայն տույժերով և տուգանքներով այս արատավոր երևույթի դեմ պայքարելը համենայնդեպս մինչև հիմա արդյունավետ չի եղել»,-ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ հարցը թղթակցվում է սանիտարական անվտանգության ամենակարևոր դրույթի հետ:
 
Փոխնախարարը նկատեց՝ հաճախ տարածքներ վերածվում են սպոնտան առևտրի վայրերի, և հակասանիտարական, հակահիգիենիկ պայմաններում վաճառվում են սննդամթերք, այդ թվում՝ իրենց հատկություններն արագ կորցնող սննդամթերք, դրա հետ զուգահեռ՝ նաև տնտեսական և այլ տեսակի առարկաներ: 
 
Տերտերյանը ներկայացրեց, որ 2019-2021 թթ բացօթյա առևտուր իրականացնելու փաստի առթիվ կազմվել են 3.5 հազարից ավել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել են տուգանքներ, շուրջ 3 անգամ ավելի քիչ գանձումներ են տեղի ունեցել: Փոխնախարարի խոսքով՝ համայնքները բավարար գործիքակազմ չունեն այդ տուգանքները կազմելու:
 
Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելն առաջացնում է տուգանք, որը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 70-100-ապատիկի չափով: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play